ԱԱԾ բացահայտումը

- in Պաշտոնական
aac

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն: Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար:
2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments