Հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են, էլի մի շարք համայնքներում, սակայն մեր ուշադրությունն առավելապես այստեղի վրա է կենտրոնացած, որովհետև այն մի տեսակ դուելի է նման՝ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև:

Նախընտրական շրջանում էլ դիպվածների պակաս չզգացվեց, երկուսի պաշտպանյալ թեկնածուներ Վահագն Գևորգյանի ու Գրիգոր Գուլյանի շտաբներն ու շտաբականները միմյանց չխնայեցին մեղադրանքների հարցում:

Թեև՝ էլի թեկնածուներ կան. Մանուկ Մկրտչյան, Սասուն Գրիգորյան ու ևս մեկն` Արթուր Ղազարյան, ում մասին անգամ աբովյանցիները գրեթե ոչինչ չգիտեին, իսկ ոմանք էլ խառնում էին Պալաչ՝ Արթուր Հարությունյանի հետ:

Մենք մի քանի անգամ այցելեցինք Աբովյան, զրուցեցինք թեկնածուներից երեքի՝ Գրիգոր Գուլյանի, Մանուկ Մկրտչյանի ու Սասուն Գրիգորյանի հետ, իսկ ինքնաառաջադրված, սակայն Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը վայելող, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն, ում կարգախոսն է՝ Շարունակենք միասին …, այդպես էլ ժամանակ չգտավ լրագրողների հետ հանդիպման համար, երևի տիրոջից է սովորել խույս տալը: Մինչ քարոզարշավի սկսվելը քաղաքապետարան էլ այցելեցինք, որտեղ նրան չգտանք, քարտուղարուհին երկու անգամ հեռախոսահամար վերցրեց ու սովորության համաձայն զանգ չստացանք, բացի մի անգամ անձամբ Վահագն Գևորգյանից, ում երբ խմբագիրը խնդրեց հեռախոսահամարը գրանցել և հնարավորության դեպքում պատասխանել կամ՝ ետ զանգել, հոխորտանքի արժանացավ, թե զբաղվա՛ծ եմ, ուրեմն …

Իսկ մեր նպատակը զուտ թեկնածուներին ներկայացնելիս հավասարությունը պահպանելն էր, ինչն անհաղորդ եղավ գործող քաղաքապետի ու գործը շարունեկել ցանկացողի կողմից:

Աբովյանը անծանոթ քաղաք է մեզ համար, թեև՝ մոտ է Երևանին, այնուամենայնիվ հետաքրքիր էր զրուցելը շարքային աբովյանցիների հետ, պարզել, թե թեկնածուներից ո՞ւմ են նախընտրում և ինչու, որո՞նք են այդ քաղաքի հիմնախնդիրները:

Իսկ դրանց պակաս, պարզվում է, ամենևին չի զգացվում Աբովյանում: Շատերը ճիշտ է նախապես ուզում էին պարզել՝ Ծառուկյանի՞, թե՝ Փաշինյանենց պատվերով է, որ հարցնում ենք, երկուստեք բացասական պատասխան ստանալով երկմտում էին խոսել, այնուամենայնիվ՝ հետաքրքիր զրուցակիցներ գտնվեցին և … ոչ քիչ:

Շուշանիկ Հովհաննիսյանն, օրինակ, խնդիրները սկսեց հաշվել ձեռքերի մատների վրա ու երկու ձեռքինը չբավարարեց, շարունակեց այնքան, որ հաշիվն էլ կորցրեցինք՝ սկսած հանրակացարաններից, Էլար կոչվող թաղամասից, աղբահանությունից ու քանդված ճանապարհներից, ժամանցի վայրերի պակասից, երիտասարդության զբաղվածությունից ու քաղաքի աշխատանքներում ներգրավված չլինելուց. Կներեք, բայց անիմաստ ա խոսելն էլ, հաշվելն էլ, էնքան շատ են, որ աբովյանցիներն ամեն պահի են բախվում դրանց …

Մեկ այլ՝ ականջ դնող երիտասարդ, ով Մհեր ներկայացավ, գոհ է Գագիկ Ծառուկյանից. Թագավոր տղա ա …, բայց Վահագն Գևորգյանին չէր ճանաչում, իսկ երբ հարցրեցինք, թե ո՞վ է գործող քաղաքապետն, ասաց՝ Կարո Իսրայելյանը, ով կարծեմ նախորդն է. Բա Ծառուկյանի նման տղեն քի՞չ բան ա արել մեր քաղաքի համար, տոներ ա կազմակերպում, գնա – գալիս եմ … Երիտասարդն այնքան էր մնացել նախկին ժամանակահատվածում, որ վերջում էլ հաստատեց. Կարոն ա, Կարոն էլ պետք ա ըլնի: Վե՛րջ …

Այն փողոցում, որտեղ շարվեշարան թեկնածուների շտաբներն են, արևելյան շուկա է հիշեցնում՝ փողոցային առևտուրը վխտում է, հագուստ ու սնունդ խառնված են իրար, ու անցորդներին հարցրեցինք, թե իրենց դո՞ւր է գալիս այս վիճակը, ոմանք սիրալիր պատասխանեցին ու հղում տվեցին քաղաքապետին. Քաղաքը պիտի տեր ունենա, որ սենց չլինի, երբ մի քանի տեր ա ունենում, սենց, հլը սրանից բեթար էլ ա լինում, սա կենտրոն ա համարվում, հլը ծայրամասերը գնացեք, ոնց որ գյուղ լինի …

ՄԻՏՔ.am-ը թերևս հայտնի է իր յուրօրինակ սոցհարցումներով. Այս անգամ արտաքուստ չափահաս մոտ 500 քաղաքացիների շրջանում՝ մի քանի օրերի ընթացքում, կատարած հարցման համաձայն թավշյա հեղափոխության թեկնածու Գրիգոր Գուլյանն անհամեմատ չէինք ասի, սակայն առաջ է մյուս թեկնածուներից, նրան իհարկե հետևում է Ծառուկյանի հովանավորությունը վայելող Վահագն Գևորգյանը, հետո՝ Մանուկ Մկրտչյան, Սասուն Գրիգորյան, իսկ ահա Արթուր Ղազարյանի մասին ոչ մեկը չհիշեց: Նա ոչ նախընտրական շտաբ ունի, ոչ քարոզարշավ է իրականացնում՝ շարքային աբովյանցիների հավաստմամբ: Իսկ Մանուկ Մկրտչյանի հետ մեր երկու զրույցներում բավական բանիմաց ու վարչական աշխատանքի փորձ ունեցող անհատի տպավորություն ենք ստացել, Սասուն Գրիգորյանի հետ մեկ զրույցում՝ իրավաբանի ու ռիսկով տղու, ով ողջ քարոզարշավի ընթացքում առանցքային թեկնածուներից մեկի կամ մյուսի հովանավորչությունն էր փնտրում ու այնքան էլ պատրաստակամ չէր լրագրողական հաղորդակցության համար: Նրանց հետ զրույցները կարող եք գտնել մեր կայքում. Ընտրություններ և Տեսանյութեր խորագրերում:

Տաթևիկ Ղարաքեշիշյան, Դավիթ Լորենց

Հ.Գ. – ՄԻՏՔ.am-ը կհետևի նաև կիրակի օրը՝ հունիսի 9-ին կայանալիք ընտրությունների գործընթացին: Սպասեք մեզ նոր հրապարակումներով …

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...