Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել է Մարի Ա.-ի (անունը փոխված է) գործով դատական քննությունը:

27-ամյա Մարիին մեղադրանք էր առաջադրվել երկու երիտասարդի դանակահարելու, նրանց առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի նոյեմբերի լույս 19-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 30-ի սահմաններում, 7 և 5 տարեկան տղաների մայր Մարի Ա.-ն ընկերոջ հետ գտնվել է Աբովյան քաղաքի Ուսանողական 1 հասցեում գործող «Սամո» գիշերային ակումբում:

Նույն այդ ակումբում է գտնվել նաև Մարիի ծանոթուհին՝ ընկերոջ՝ Խոսրովի (անունը փոխված է) հետ:

Ըստ դատական ակտի՝ «Սամո» ակումբի բակում Մարի Ա.-ն վերոհիշյալ ծանոթուհուն «հանդիմանել է իրեն իբր թե չճանաչելու և նոր սիրեկան ունենալու համար»:

Մարիի ու ծանոթուհու խոսակցությունը վերաճել է վեճի, որին միջամտել է ծանոթուհու ընկեր Խոսրովը: Վեճը, սակայն, տաքացել է, Մարին ու Խոսրովը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել: Այս կռվին էլ իր հերթին միջամտել է տվյալ ակումբ եկած Կիմը (անունը փոխված է)՝ Խոսրովի ընկերը: Նրա միջամտությունը նույնպես չի նպաստել կռվի դադարեցմանը, Կիմը հրել ու հայհոյել է տաքացած Մարիին:

Մարի Ա.-ն, ըստ դատական ակտի, վրդովվելով իրեն հարվածելու, հրելու, հայհոյելու հանգամանքներից, իր մոտ եղած դանակը հանել ու հարվածներ է հասցրել Խոսրովի ու Կիմի մարմնի տարբեր մասերին՝ երկուսի առողջությանն էլ դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Խոսրովին պատճառվել են ձախ ազդրի ստորին երրորդականի առաջադրսային, ձախ սրունքի միջին երրորդականի մակերեսների մեկական ծակած-կտրած վերքեր՝ ձախ ազդրի դրսային մակերեսի խորանիստ մկաններ վնասումով:

Կիմին պատճառվել է աջից՝ գոտկային շրջանի հետին մակերեսի ծակած-կտրած, մկանների վնասումով չթափանցող վնասվածք:

Ընդհանուր իրավասության դատարանում Մարի Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է:

Տուժողներ Խոսրովն ու Կիմը նախաքննության ընթացքում հայտնել են, թե Մարի Ա.-ի դեմ որևէ բողոք, պահանջ չունեն: Դատական նիստին տուժողները չեն ներկայացել, բայց դատարանին տեղյակ են պահել, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ բողոք, պահանջ չունեն:

Դատարանը հաշվի է առել, որ Մարի Ա.-ն ինքնակամ, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նախկինում նա դատապարտված չի եղել, բնութագրվել է դրական: Նրա խնամքին են 7 և 5 տարեկան որդիները: Համաձայն համապատասխան բուժհաստատությունից տրված տեղեկանքի՝ 2019 թվականի մայիսի դրությամբ Մարի Ա.-ն 21 շաբաթական հղի է…

Դատարանն արձանագրել է, որ Մարի Ա.-ին մեղսագրված արարքը միջին ծանրության հանցավոր արարք է, որի համար օրենքով նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ՝ առավելագույնը՝ 5 տարի ժամկետով:

Դատարանը Մարի Ա.-ին մեղավոր է ճանաչել երկու տուժողների առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Իրեղեն ապացույցները՝ տուժողներ Խոսրովի ու Կիմի տաբատները, «կվերադարձվեն վերջիններիս՝ ըստ պատկանելության»…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...