Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

- in Պաշտոնական

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը, Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա, հունիսի 4-ին Սիմոնյանի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթ էր հարուցել։ Մայիսի 31-ին Fip.am-ը «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։

«Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաև տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է էթիկայի հանձնաժողովի պատասխանի մեջ։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից մեկին:

«Հարգելի ընկերներ, FIP կայքը (Դանիել Իոաննիսյան) նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխանակը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

Հայցում եմ Ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անրադառնալու համար, անում եմ սա զուտ Ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»,- ասաց նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանել է իրենց հետաքննության վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին:

«Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում:

Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:

Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:

Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:

Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»,- գրել է նա:

Spread the love