pvo_rossiya

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում նավթի լցանավերի վրա հարձակումների համար, սակայն Միացյալ Նահանգները պատերազմ չի ցանկանում: 

Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն ինչ արել է պատերազմից խուսափելու համար: «Մենք պատերազմ չենք ուզում»,- հավելել է Պոմպեոն: Պոմպեոն հավելել է, որ իրենք քննարկում են հարցի կարգավորման բոլոր տարբերակները, այդ թվում ռազմական հարվածը:

Օմանի ծոցում հնչած պայթյունները լարվածության նոր ալիք ստեղծեցին ԱՄՆ-ի ու Իրանի առանց այն էլ գերլարված հարաբերություններում: Վաշինգտոնը պայթյունների մեջ մեղադրեց Թեհրանին:

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարի երկու նավթատարների վրա հարձակման պատասխանատուն Իրանն է: Այս եզրակացությունը հիմնվում է հետախուզական տվյալների, կիրառած զինատեսակների և իրականացրած գործողության բարդ բնույթի փաստերի համադրման վրա: Պետքարտուղարը պնդում է, որ տարածաշրջանում այլ ուժեր չունեն համապատասխան փորձառություն և ունակություն՝ նման բարդ օպերացիա իրականացնելու համար:

Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն բանակցություններ էր վարում Թեհրանում: Թիրախավորված նավերից մեկը ճապոնական էր: Պոմպեոն դա որակում է որպես վիրավորանք ուղղված Ճապոնիային:

ԱՄՆ դիմել է ՄԱԿ-ին միջադեպը քննարկելու պահանջով, քննարկումը տեղի է ունեցել փակ դռների հետևում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը քննադատել է ամեն տեսակի հարձակում խաղաղ քաղաքացիական նավերի նկատմամբ՝ ընդգծելով միջադեպի բացահայտման և փաստերի տրամադրման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Օմանի ծոցը գտնվում է Հորմուզի նեղոցից ոչ հեռու, որով անցնում է համաշխարհային նավթի փոխադրման զգալի մասը: Անցած ամիս ԱՄՆ մեղադրել էր Իրանին 4 նավթատարների վրա հարձակման մեջ: Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...