Կառավարության այսօրվա նիստում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ երեկ մամուլում տեղեկություն է եղել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացնողների ուսման վարձի 20 տոկոսի զեղչի հետ կապված խնդիրներ կան։

«Իբր նախարարությունը չեղարկել է այդ զեղչը։ Նախ ասեմ, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ բոլոր դիմումները հավաքագրվել են, և փոխանցումները կատարված են։ Այսինքն՝ եթե մենք շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել։ Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում, և համատարած թույլ չեն տալիս այս պատճառով, որպեսզի ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ նման խնդիր չկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա կազմակերպված է։ «Էդ որ ասում եք՝ քաոսային վիճակ է, մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծեն, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում այդպես գրեն, որ լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ։ Էդ նույն շղթայի տարբեր օղակներն են։ Այսինքն՝ կարճ ասած ոնց կարող ա ընդհանրապես էդպիսի բան լինի։ Էդ էլ էն թեզն ա՝ հողերը ծախեցին, տվին, առած ա, ծախած ա ամեն ինչ։ Էդ նույն մարդիկ են ու շրջանակները։

Եվ դա իսկապես ազգային անվտանգության հարց ա, պարոն Վանեցյան։ Այսինքն՝  հիբրիդային պատերազմ են վարում էդ մարդիկ կոնկրետ ՀՀ դեմ։ Եվ այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի ա։ Էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք ա լավ զգա՞ն, դրանք պետք ա մայթերի տակով մասկիրովկայով քայլեն, դրանք ով են ընդհանրապես։ Սա ազգային անվտանգության խնդիր ա և լրջորեն զբաղվեք դրանով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...