Այն, ինչ գիտե Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն կալանքից առաջ

- in Կեղտոտ լվացք

«Է, էնքան ասելիք ունեմ», լրագրողների հարցերին ի պատասխան ծառայական մեքենան նստելով արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ինքնակամ ներկայացել էր Երեւան քրեակատարողական հիմնարկ՝ կալանքի մասին Վերաքննիչ դատարանի վճռից հետո:

http://lragir.amԻնչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի ասելիքը: Նա անկասկած շատ ասելիք կունենա: Բայց, համենայն դեպս առայժմ Ռոբերտ Քոչարյանն ասում է անընդհատ նույն բանը, որն ասելիք հազիվ թե հնարավոր լինի համարել: Նա գրեթե բացարձակ ինքնագոհությամբ է խոսում Հայաստանի եւ Արցախի նորագույն պատմության մեջ իր դերակատարման մասին, փորձում է հավաստիացնել հանրությանը, որ Մարտի 1-ի գրեթե ոչնչից տեղյակ չէ եւ ինքն էլ զոհ է, եւ ամիսներ շարունակ փորձում է համոզել հանրությանը՝ գլխավորապես Արցախի, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, որպեսզի իրականացնի Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն ու հանձնի Արցախը:

Դա է այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում առանց ծանրակշիռ փաստարկների, որոնք թերեւս կենթադրեին «ասելիքի» առկայությունը: Ռոբերտ Քոչարյանը նույնն էր կրկնում իր կալանավորման նախօրեին տված հեռուստահարցազրույցում:

Ինչու՞ երկրորդ նախագահը առավել բովանդակային եւ հանգամանալից չի օգտագործում իր ասելիքի առկայությունը՝ «է, էնքան ասելիք ունեմ»: Ինչու՞ նա չի ասում: Ու՞մ կամ ո՞ր պահի համար է պահում: Երկրորդ նախագահը վերստին՝ արդեն փաստորեն երրորդ անգամ կալանավորվելուց հետո ինչ որ մեկի՞ն է ակնարկում, որ ասելիք ունի եւ կասի, եթե իրեն չպահեն: ՌԴ դեսպանի՞ն, որի հետ հանդիպել էր օրեր առաջ, թե՞ օրինակ Սերժ Սարգսյանին, որը նրան այցելել էր ազատությունից հետո: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, որ հանդիպումը եղել է անձնական, չի քննարկվել որեւէ քաղաքական հարց:

Ասելիքի մասին երկրորդ նախագահի խոսքը հիշեցնում է մարտիմեկյան դատավարությունների մասին դեռեւս նրա նախագահ եղած օրերի հայտարարությունը: Դեռեւս ոչ պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ այն ժամանակ ընդդիմության մարտիմեկյան դատի ժամանակ հանրությունն այնպիսի ապացույցներ կտեսնի, որ կամաչի այդ ընդդիմության կողքին կանգնելու համար:

Բայց դատարաններում այդպիսի ապացույցներ այդպես էլ չեղան, եւ մարդիկ համատարած դատապարտվում էին ընդամենը ոստիկանական, հաճախ նույնիսկ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա:

Ռոբերտ Քոչարյանին այն ժամանակ խաբել ինչ որ բա՞ն են թաքցրել, կամ սխալ տեղեկատվությու՞ն տվել: Նա վարանու՞մ է խոստովանել դա, մտածելով, որ կհայտնվի այսպես ասած արհամարհված վիճակում:

Թե այն ժամանակ էլ, այժմ էլ ասելիքի առումով նա պարզապես դիմում է քարոզչական հնարքի կամ պարզապես «բլեֆի»:

Որովհետեւ եթե նա իրապես ունի ասելիք, իսկ նորագույն պատմության ընթացքում կարեւոր դիրքերում եղած մարդը կարծես թե չի կարող կարեւոր ասելիք չունենալ, ապա այն հայտնելը կարեւոր է թե իր, թե առավել եւս հանրության համար: Թող Ռոբերտ Քոչարյանը խոսի, ասի, պաշտպանվի, ներկայացնի փաստեր, փաստարկներ, դուրս գալով պարբերական եւ ոչինչ չասող քարոզչական սխեմաներից:

Արդյոք Քոչարյանը պահել է ասելիքը մարտիմեկյան դատավարության համար, այսինքն այդուհանդերձ պահել էր «սեւ օրվա» համար: Այդ դատավարությունը լինելու է իր ծավալով աննախադեպ եւ, ինչպես գլխավոր դատախազն էր ասել, դրանում տարբեր կարգավիճակով ներգրավված են լինելու Հայաստանի երեք նախագահները, տարբեր տարիներին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած պետական, քաղաքական, զինվորական գործիչներ:

Դա գործնականում լինելու է Հայաստանի եւ Արցախի պատմական հաղթանակը բռնությամբ եւ ընտրակեղծարարությամբ քառորդ դար մսխած համակարգի դատավարությունը, իրավական, քաղաքական, բարոյական: Կասե՞ն բոլորն այն, ինչ ունեն՝ որպես ասելիք, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, թե՞ կգան լռելու եւ հանրության առաջ չբացվելու կոնսենսուսի, ինչպես խոշոր հաշվով միշտ էլ եկել են՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ-մայիս: Կհաջողվի այդ համակարգի հետագա ճանապարհը փակած հանրությանը բացել համակարգի բերանը եւ մաքրել պատմությունն ու շարժվել առաջ բոլոր տեսակի կարծրատիպերից, միֆերից ու բարդույթներից ձերբազատված:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան