Սահմանադրական դատարանի նախագահի, դատավորների վեթինգի, անցումային արդարադատության եւ ընդհանրապես՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն չի դադարում, այլեւ միտումնավոր կերպով խեղաթյուրվում է գործընթացի բուն նպատակը։

Բոլոր նրանք, ովքեր արդարադատությունից վախենալու լուրջ հիմքեր ունեն, հարցն այնպես են ներկայացնում, թե վարչապետ Փաշինյանն ուզում է ամեն գնով լիակատար վերահսկողություն սահմանել նաեւ դատական համակարգի եւ Սահմանադրական դատարանի վրա, «իրենով անել» այդ իբր ներկայումս անկախ կառույցները եւ այդպիսով երկրում հաստատել իր միանձնյա իշխանությունը։

Այս գործընթացների օրինականության հարցերը թողնենք իրավաբաններին (տեսակետները տարբեր են, եւ մասնագիտական լուրջ վերլուծությունների կարիք կա) եւ անդրադառնանք հարցի քաղաքական կողմին։ Իսկապե՞ս կառավարության եւ իշխող քաղաքական ուժի նպատակն «անկախ» դատարանները վերահսկելի դարձնելն է։ Եվ արդյո՞ք անկախ են այդ դատարանները։ Օրինակ՝ կգտնվի՞ Հայաստանում մեկը, ով լրջորեն կհավատա, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքականապես չեզոք է եւ կուսակցական կողմնորոշում չունի։ Այն նույն Հրայր Թովմասյանը, ով Սերժ Սարգսյանի կառավարության կազմում արդարադատության նախարար է եղել, իսկ հետո նրա պատվերով այնպիսի սահմանադրական փոփոխություններ է իրականացրել, որ «շեֆը» կարողանա նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ մնալ պետության առաջին դեմքը։ Կամ գուցե Սահմանադրական դատարա՞նն է անկախ կառույց եղել։ Այն նույն Սահմանադրական դատարանը, որն ամեն կեղծված ընտրությունից հետո իշխանահաճո ձեւակերպումներ էր հորինում ու լեգիտիմացնում ընտրությունները, իսկ եթե բողոքողների թիվը մեծ էր լինում՝ ինչ-որ ձեւով լղոզում էր ու իշխանություններին ժամանակ շահելու հնարավորություն տալիս։

Դատարանների մասին ընդհանրապես չենք խոսում՝ երկար տարիներ այդ կառույցներին հնարավորություն էր տրված «մանր-մունր գործերով» փող աշխատել, իսկ ավելի ծանրակշիռ գործերով որոշումները հիմնականում կայացվում էին ըստ վերեւից իջեցված հրահանգների։ Սա չի նշանակում, թե ազնիվ դատավորներ ընդհանրապես չկային, բայց համակա՛րգն էր այդպիսին։

Պարզ ասած՝ խնդիրը ոչ թե «անկախ» դատարաններն իշխանություններից կախվածության մեջ դնելն է, այլ նախկին իշխանություններից կախվածության մեջ գտնվող դատարաններն իրապես անկախ դարձնելը։ Ու հասկանալի է, որ նախկինները պիտի կատաղի դիմադրություն ցույց տան։ Որովհետեւ նախ՝ կորցնելու են ազդեցությունն այսօր գործող դատարանների վրա, եւ երկրորդ՝ (սա նրանց համար ամենաահավորն է), անկախ դատարանները գործելու են բացառապես օրենքի սահմաններում, իսկ նախկինների գործունեության բազմաթիվ դրվագներ կամ վաղեմության ժամկետ չունեն, կամ նախատեսում են պետությանը հասցված վնասի ամբողջական փոխհատուցում։

Ինչ վերաբերում է վեթինգին, ապա դա ոչ թե նպատակ է, այլ ընդամենը գործիք, եւ ինչպես ցանկացած այլ գործիք՝ կարող է օգտագործվել ե՛ւ բարի, ե՛ւ չար նպատակներով։ Բայց «իսկ դատավորնե՞րն ովքեր են» հարցը արդիական է բոլոր ժամանակներում։ Վերջին հաշվով՝ մեր դատական համակարգի միակ պրոբլեմն այն չէ, որ դատավորները կաշկանդված են անցյալից եկած հազարումի կապերով, հիմնական պրոբլեմն այն է, որ դատարանների եւ դատավորների նկատմամբ հասարակության վստահությունը զրոյական է։ Իսկ այդ վստահությունը վերականգնելու լավագույն ձեւերից մեկը վեթինգն է։ Մարդիկ պիտի իմանան, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները, եւ դատարանների որոշումները պիտի ընկալվեն որպես անառարկելի ճշմարտություններ։

Հակառակ դեպքում «ճիշտն ու սխալը» կորոշվի բարիկադավորված փողոցներում կամ ավտոմատների կրակահերթերի տակ, իսկ դա պետականության կորստի ամենակարճ ճանապարհն է։ Մեծ հաշվով՝ իշխանություններն այսօր հենց դատարաններ ունենալու հարցն են լուծում։ Իսկ դիմադրողները դրա դեմ պայքարում են՝ իբր իրավական հարթությունում, «չդատարանների» միջոցով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...