Կառավարությունն ընդլայնում է առողջապահական ծառայությունների ծավալը։ Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության որոշման նախագծեր, որոնցով հավելյալ գումարներ են ուղղվում ոլորտ։ Կառավարությունը հաստատեց նախագծերը:

Այս ծրագրերից յուրաքանչյուրն, ըստ փոխնախարարի, ուղղված է կյանքեր փրկելուն։

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժման ծրագրին նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 5․1 մլրդ դրամ, որը հատկապես կուղղվի հիվանդանոցային ծառայությունների և սպասարկման գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև կբարձրանան կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը։

Սրտի վիրահատական ծառայությունների և թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական իրավունք ստացող շահառուների խումբն ընդլայնվում է։ Մանսավորապես, ըստ փոխնախարարի, ընդգրկվում են առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամները, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները։ Ինչպես նաև միջոցներ կուղղղվեն առկա պահանջարկի ամբողջական բավարարմանը։

Երկրորդ ուղղությամբ գումար կուղղվի մարդու օրգանների՝ երիկամի 12 և ոսկրածուծի 11 դեպքերի պատվաստման դեպքերի փոխհատուցմանը։

Վերոնշյալ փոփոխություններից օգտվելու են 500 հազար քաղաքացիներ, ի հավելումն այն 230 հազար քաղաքացիների, որոնց այս փաթեթը տրամադրվել էր այս տարվա սկզբին։

Երեխաների բժշկական օգնություն ծրագրով նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, այս ծրագրին կուղղվի 1.75 մլրդ դրամ։ Մինչ այժմ այդ ծրագրից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և այլ հատուկ խմբերի երեխաները։ Փոփոխության արդյունքում այս ծրագրի շահառուների թիվն ավելանում է մոտ 200 հազար անձով։

Անհետաձգելի բժշկական օգնության ծրագրում նախատեսվում է փակել կյանք փրկող, այդ թվում՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների և գլխուղեղի սուր կաթվածների բուժման ծառայությունների գծով դեֆիցիտը։ Ընդհանուր առմամբ, այս ծրագրին կուղղվի 1.2 մլրդ դրամ։

Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրում պլանավորվում է ապահովել դեֆիցիտի փոխհատուցումը՝ պայմանավորված պլանավորվող դեպքերի ավելացմամբ։ Ինչպես նաև նախատեսվում է իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։

Փոխնախարարն ասաց, որ այս փոփոխությունների նպատակն է խուսափել հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող քաղաքացիները չեն կարող  սպասել, և նրանց համար ամեն օրը որոշիչ է։ Այս ծրագրին լրացուցիչ կուղղվի 900 մլն դրամ։

Շտապ բժշկական ծառայության գծով նախատեսվում է ավելացնել բրիգադների թիվը, այս նպատակի համար հավելյալ 500 մլն դրամ կուղղվի։

Բոլոր փոփոխությունների գծով մինչև տարեվերջ ընդհանուր առմամբ նախատեսվում է ծախսել շուրջ 12 մլրդ դրամ։
Փոխնախարարն ասաց, որ առողջապահության ոլորտում նմանօրինակ կարևոր փոփոխություններ պատմության մեջ առաջին անգամ են կատարվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ասել է՝ տնտեսական  հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի ՀՀ քաղաքացին։

«Եվ մենք հիմա այս շատ լուրջ որոշումներով որդեգրում ենք հետևյալ ուղղությունը, մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ քաղաքացին լինի առողջ։ Իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի ինքը աշխատելու, իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա»,- ասաց վարչապետը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...