Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մայիսին արձանագրված տնտեսական ցուցանիշներին:

«Մենք շարունակում ենք գտնվել, բարեբախտաբար, տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում, և մայիսին արձանագրվել է 7.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ դրանում առավել կարևոր է բովանդակությունը»,- նշեց նա։

Ըստ վարչապետի՝ այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսի համեմատ եղել արտահանումն աճել է 15%-ով, իսկ հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ՝ 0.1%-ով, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարվել են: Տարվա սկզբին արտահանման հետ կապված մտահոգություններ կային, բայց դրանք այժմ փարատվել են, և տարվա արդյունքներով կլինի բավականին շոշափելի աճ:

Նա ասաց, որ եթե նախորդ տարի մշակող արդյունաբերությունն ընդհանուր արտահանման մեջ կազմում էր 62.8%, այս տարի 64.6% է, իսկ հանքահումքային արտադրանքի կշիռը նվազել է՝ կազմելով 25%՝ նախորդ տարվա 27.6% փոխարեն: Վարչապետի խոսքով՝ չնայած տեխնոլոգիատար ապրանքների արտահանման կշիռը մեծ չէ, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այն բավական մեծ աճ է արձանագրել՝ 25.5%, միջին տեխնոլոգիատարության ապրանքների խումբը նույնպես աճ է արձանագրել՝ 19.4%: Այս թվերն, ըստ նրա, կարևոր են նրանով, որ ըստ էության ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական համակարգն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները։

Վարչապետը նշեց, որ շոշափելի շարժ է եղել նաև գյուղատնտեսությունում՝ 76.6%։ Նա ըստ գյուղատնտեսական ապրանքատեսակների թվարկեց արձանագրված աճերը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի թիվը գնալով աճում է։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հուշեց, որ 185 մլն դոլար է գնվել այս տարի արդեն։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 50 մլն դոլարով աճել է գնված դոլարի ցուցանիշը։ «Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 150 մլն դոլար ներհոսել է մեր շուկա։ Եվ դրանք բավական լավ ազդակներ են։ Բայց ընդհանուր առմամբ մեր տնտեսությունը պետք է կառուցվի այն տրամաբանության վրա, որ Հայաստանից հումքի և չվերամշակված ապրանքի արտահանումը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի։ Այսինքն՝ երկարաժամկետ հատվածում մեր տնտեսությունը պետք է կառուցված լինի այնպես, որ մեր երկրից ոչ թե հանքաքար պետք է արտահանվի, այլ մետաղական արտադրանք, ընդ որում, ինչքան հնարավոր է՝ երկար վերամշակման ցիկլ անցած։ Ճիշտ է, հիմա ուրախալի է, որ ելակի ու ծիրանի արտահանման ծավալներն աճում են, բայց երկարաժամկետ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մեր երկրից անմշակ ծիրան կամ ելակ դուրս չգա։ Երկրում պետք է ձևավորվեն վերամշակման ցիկլեր, և սա պետք է լինի մեր միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ շատ կարևոր է, որ կառավարությունն իր ռազմավարությամբ ամբողջությամբ նպաստի, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլներ ձևավորվեն, և դրանց գոյացումը պետք է դառնա երկրի տնտեսության հիմնական բնորոշիչն ու հիմնական դիմագիծը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ներկայացրեց տնտեսության աճին նպաստող առանձին ցուցանիշներ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...