Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին

- in Սոցիալական

Aravot.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:

Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով:

«Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,- Aravot.am-ի զանգին այսպես է արձագանքել Նազիկ Ամիրյանը` մինչև վերջ չլսելով հարցը և անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Ավելի ուշ մեղադրանքը լրացվել է. Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը մեղադրվում են նաև ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր պահելու համար:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգրոյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ հունիսի 16-ի երեկոյան Էջմիածին քաղաքի հացի գործարանի տարածքում իրեն պատկանող ծիրանի այգում բռնկված հրդեհի դեպքի առիթով:

Այս մասին այսօր դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Ամիրյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք տեղի ունեցած պատահականություն էր, թե՝ դիտավորություն: «Այգին ամբողջությամբ այրվել է»,- եզրափակեց նա:

Նշենք, որ հունիսի 16–ի երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտվում է կալանքի տակ, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: