Անակնկալ տեղեկություն Փաշինյան-Սամվել Կարապետյան զրույցից

- in Հրապարակ
Samvel Karapetyan

Փաշինյան-Կարապետյան զրույցի ընթացքում խոսվել է տնտեսական հարցերի, ներդրումային ծրագրերի շարունակության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանը, խոսելով հունիսի 16-ին ՔՊ կառավարող կուսակցության համաժողովի օրը վարչապետ Փաշինյանի եւ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման մասին:

http://lragir.amՄիրզոյանն ասել է, որ մանրամասներին տեղյակ չէ, սակայն որքան հայտնի է՝ զրույցի թեման եղել են այդ հարցերը: ԱԺ նախագահը արել է սակայն հետաքրքիր հայտարարություն, նշելով, որ խոսք է գնացել Հայաստանում նոր ենթակառուցվածքների ձեռքբերման մասին:

Թե հատկապես ի՞նչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, ԱԺ նախագահը չի մանրամասնել:

Սամվել Կարապետյանը Հայաստանում ներկայում տնօրինում է բաշխիչ էլցանցերը: Դրանք նրա սեփականությունը դարձան 2015 թվականի Էլեկտրիկ Երեւան շարժումից հետո: Կարապետյանը ցանցերը ձեռք բերեց ռուսական Ինտեր ՌԱՈ ընկերությունից, բավականին վատ, գրեթե ճգնաժամային վիճակում: Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանը ցանցերը գնեց իրեն պատկանող օֆշորային ընկերությամբ, իսկ հետո այդ ընկերությունից ձեռք բերեց արդեն իրեն պատկանող Տաշիր ընկերությամբ: Բաշխիչ էլցանցերը Հայաստանում ունեն մենաշնորհ: Սամվել Կարապետյանն իր ներդրումների եւ կառավարման միջոցով ընկերությունը կարծես թե դուրս է բերել ճգնաժամից, սակայն կա հայկական էներգետիկ շուկայի համար ավելի խորքային խնդիրը՝ շուկայի ազատական, մրցակցային բնույթի ձեւավորում:

Նախորդ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որի փաստացի հովանին էր Սամվել Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հետ մշակում էր ազատականացման հայեցակարգ, որն առնչվելու էր նաեւ բաշխիչ ցանցերի գործունեությանը: Մենաշնորհն իհարկե չէր դրվում կասկածի տակ, սակայն ենթադրվում էր այսպես ասած մեծածախի մենաշնորհ, մանրածախ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալու տրամաբանությամբ:

Ինչ փուլում է այդ ռազմավարությունը, պարզ չէ: Արդյոք Հայաստանում թավշյա հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո առաջարկվում է էներգետիկ շուկայի ազատականացման առավել բաց մոդել, եւ Հայաստանի նոր իշխանությունը փորձում է պայմանավորվել Սամվել Կարապետյանի հետ, այդ թվում նրան առաջարկելով տնտեսական հեռանկարներ այլ ենթակառուցվածքային ոլորտներում:

Մյուս կողմից, այդ առաջարկը կամ քննարկումը գուցե կապ չունի էներգետիկ շուկայի ազատականացման հայեցակարգի հետ, այլ պարզապես թելադրված է Հայաստանի տնտեսական իրողություններով ու հրամայականներով:

Այստեղ իհարկե կարեւոր է, թե հատկապես ի՞նչ ենթակառուցվածքի մասին է խոսքը: Հազիվ թե Գազպրոմը բաց թողնի գազը: Բարձրավոլտ էլցանցերի՞ մասին է խոսքը, որոնք սակայն ենթակա չեն մասնավորեցման: Թե՞ խոսքը հայկական երկաթուղու մասին է, նկատի ունենալով այն, որ այստեղ էլ կարծես թե իրավիճակը բավական մոտ է էլցանցերին:

2018 թվականին Երկաթուղին հավատարմագրային կառավարման վերցրած Ռուսական երկաթուղիները կարծես թե ունեն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիր: Համենայն դեպս, Հայաստանի նոր իշխանությունը խոսում է այդ մասին, եւ հարցը Փաշինյանը բարձրացրել է անգամ Պուտինի հետ հանդիպումներում, մասնավորապես նախորդ տարի սեպտեմբերին:

Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել երկաթուղուց, եւ Հայաստանը ներկայում դիտարկում է նոր ներդրողի տարբերակ եւ դարձյալ, ինչպես էլցանցերի դեպքում, «փրկօղակ» է դիտվում ամենահարուստ հայը: Այստեղ կարող է շոշափելի դեր խաղալ եւ այն, որ Սամվել Կարապետյանը «փոխզիջումային» ֆիգուր է՝ Ռուսաստանի համար ընդունելի, «ապաաշխարհքաղաքական»:

Եվ արդյոք Սամվել Կարապետյանի հետ կարող է քննարկվել դեպի Իրան երկաթուղու շինարարության հարցը, որը Ռուսական երկաթուղիների նախկին ղեկավար Յակունինը հայտարարել էր ոչ մի տեղ «չտանող պատ»:

Մյուս կողմից, Հայաստան-Իրան երկաթուղին չի կարող լինել «ապաաշխարհքաղաքական»: Սակայն, այս պարագայում առաջանում է այլ հարց՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը, երբ կարեւոր հարցերում, ի տարբերություն նախկին իշխանության քաղաքականության, պետք է գերակայի Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի շահը: Հայաստանի նոր իշխանությունն այդ հարցում դնում է սկզբունքային նոր նշաձողեր, միաժամանակ Ռուսաստանին չտալով «դավադրության» որեւէ կասկածի հիմք:

Ինչ խոսք, պետք է նախ հստակեցնել, թե ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, եւ ինչ մակարդակում է այն՝ զուտ քննարկման եւ զրույցի՞, թե արդեն առարկայական դիտարկումների: Միաժամանակ, Հայաստանի ենթակառուցվածքային կարողությունները, եւ ընդհանրապես Հայաստանի տնտեսա-քաղաքական հարցերը անքակտելի են ռեգիոնալ անվտանգության եւ ռազմա-քաղաքական համատեքստի հետ, եւ այստեղ Ռուսաստանն էլ առերեսվում է ոչ պակաս խնդիրների հետ, որոնք կարող են լուծվել, եթե լուծվեն Հայաստանի խնդիրները:

Սանկտ-Պետերբուրգ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն այդ առումով արեց բավականին թափանցիկ ակնարկ, որ Երեւանը Ռուսաստանից չի ակնկալում այդ խնդիրների լուծում մեր փոխարեն, բայց ակնկալում է, որ Ռուսաստանը չի խանգարի դրանց լուծման Հայաստանի ջանքերին, չի ստեղծի այդ լուծումների արհեստական խոչընդոտ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան