Ապրիլյան քառօրյայի թելերը. Պուտինը չի մեկնում

- in Վերլուծական
Putin

Սպուտնիկի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ Պուտինը ներկա չի լինի Եվրոպական երկրորդ խաղերի բացման արարողությանը, որը կայանալու է Մինսկում: Խոսքն այսպես ասած եվրոպական օլիմպիադայի մասին է, որն առաջին անգամ տեղի ունեցավ չորս տարի առաջ, Բաքվում:

 http://lragir.amՀատկանշական է, որ Բաքվում խաղերի բացմանը Պուտինը մասնակցում էր: Ավելին, այդ խաղերի բացմանը մասնակցում էր նաեւ Էրդողանը, եւ Պուտինը, Ալիեւն ու Էրդողանը կազմել էին այսպես ասած բարձրաստիճան եռյակը: Արդյոք Պուտինը Մինսկ չի մեկնում Լուկաշենկոյի հետ վատ հարաբերության պատճառով, թե՞ չի մեկնում, որովհետեւ այնտեղ չի լինելու Էրդողանը:

Օրերս Հայաստանի ազգային օլիմպական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկներին եւ նրանց մաղթել հաջողություն:

Հայաստանի մարզիկներին Գագիկ Ծառուկյանը նույն մաղթանքով չորս տարի առաջ ճանապարհեց նաեւ Բաքու: Այնտեղ մեր մարզիկները կռվեցին բառի թե բուն, թե հոգեբանական իմաստով: Ու թեեւ ադրբեջանական խայտառակ կազմակերպման եւ դրան եվրոպական մրցավարության փաստացի աջակցության պայմաններում արվեց ամեն ինչ, որպեսզի հայ մարզիկները հանկարծ չնվաճեն ոսկե մեդալ եւ չհնչի Հայաստանի օրհներգը Բաքվում, այդուհանդերձ մեր մարզիկները կարողացան մեդալներ նվաճել եւ բարձրացնել եռագույնը, թեկուզ հանդիսատեսի վայրագ պահվածքի ներքո:

Այդուհանդերձ, այդպես էլ հարց մնաց Հայաստանի քաղաքական եւ մարզական ղեկավարության պահվածքը Բաքվում եվրոպական խաղերի անցկացման եւ մասնակցության հարցում: Քաղաքական ղեկավարության լռության ներքո մարզական ղեկավարությունը՝ ՀԱՕԿ-ը կայացրեց մասնակցելու որոշում: Ի դեպ, այդ որոշումն էին հորդորել թե Մինսկի խմբի համանախագահները, թե նաեւ միջազգային ու եվրոպական օլիմպիական կոմիտեների ղեկավարները, որոնք եկել էին Երեւան:

Այդպես, մասնակցելով Բաքվում տեղի ունեցած առաջին եվրոպական խաղերին, Երեւանը փաստորեն լեգիտիմացրեց Ալիեւի «օլիմպիական» կերպարը, դրա դիմաց ստանալով սահմանային նոր ագրեսիա: Օլիմպիադայից երկու ամիս անց Ալիեւը հրթիռակոծում ու արկակոծում էր Տավուշը, մինչեւ անգամ անմիջական սահմանից հեռու Նոյեմբերյան քաղաքը: Հայկական կողմն ունեցավ քաղաքացիական զոհ:

Իսկ մոտ 9-10 ամիս անց Ադրբեջանն իրականացրեց ապրիլյան ագրեսիան, մինչ այդ էլ պարբերաբար խախտելով հրադադարն ու սպանելով հայ զինծառայողներ: Ընդ որում, հայկական կողմը կայացրեց Բաքվի օլիմպիադային մասնակցելու որոշում այն դեպքում, երբ Ադրբեջանը 2014 թվականին իրականացրել էր բազմաթիվ դիվերսիոն հարձակումներ, սպանություններ, դիվերսիոն պատերազմ էր սանձազերծել Տավուշում՝ 2014-ի օգոստոսին, իսկ նույն թվականի նոյեմբերին էլ խոցել էր հայկական ուղղաթիռը եւ թույլ չէր տալիս դուրս բերել անձնակազմի աճյունները:

Ի հավելում այդ ամենի, Ադրբեջանը գրեթե գագաթնակետին էր հասցրել հայատյացության պաշտոնական քարոզն ու քաղաքականությունը: Այդ պայմաններում, Հայաստանի իշխանությունը լռելյայն լեգիտիմացրեց Ալիեւի այդ քաղաքականությունը: Իսկ թե օլիմպիադայի առիթով Բաքվում ինչ քննարկեցին Պուտինը, Էրդողանն ու Ալիեւը, հավանաբար դրսեւորվեց նաեւ Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի հետագա դրսեւորումներում:

Ի դեպ, Հայաստանում ներկայում ստեղծված է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով: Այդ պատերազմը չի եղել զուտ ռազմական գործողություն, ինչպես չի կարող այդպիսին լինել որեւէ պատերազմ: Ըստ այդմ, պետք է հանգամանքներն ուսումնասիրել բոլոր, այդ թվում քաղաքական կամ մարզա-քաղաքական ուղղություններով կախված հնարավոր թելերը, հասկանալու համար, թե որո՞նք են եղել այդ տիրույթում սխալ որոշումները, որոնք հանգեցրել են վտանգավոր հետեւանքների: Եվ ընդհանրապես, եղել են սխալնե՞ր, թե գործարքներ:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նպատակն է հասկանալ իրավիճակը եւ ապահովել, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք չհայտնվի այդպիսի իրավիճակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան