Ասում են՝ «քաղաքը չե՛նք տալու». ու՞մ չեք տալու Աբովյանը, իր քաղաքացո՞ւն. Կոտայքի մարզպետի կտրուկ արձագանքը

- in Ընտրություններ

Աբովյանը մեր տունն է, ինչպես և քո` քաղաքապետի՛ թեկնածու, սակայն այն որևէ մեկի կալվածքը ՉԷ՛: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Թույլ չե՛մ տա, իր իսկ խոսքերով` «կեղծ բարեպաշտի» դիմակով և գունավոր փուչիկները ձեռքին, ցերեկը Աբովյանի բակերում խաղալ քաղաքացիների անիրազեկվածության և սոցիալ֊մշակութային խոցելիության վրա, իսկ գիշերները` նույն այդ քաղաքացիներին ահաբեկելու, իր կամ մերձավորի` եղած աշխատանքը կորցնելու սպառնալիքի կամ նոր աշխատանքի սին խոստումների միջոցով տոտալ ցուցակագրումներ կատարել և փորձել Աբովյանում պատրանք ստեղծել` թե ամեն ինչ դեռ «մենք ենք որոշում», և «քաղաքը չե՛նք տալու»։

Ու՞մ չեք տալու Աբովյանը, իր ՔԱՂԱՔԱՑՈՒ՞Ն…

Դուք ձեր իսկ կողմից առաջ քաշված դիսկուրսով ևս մեկ անգամ փաստեցիք, որ հիրավի «հին քաղաքական մշակույթի» կրողն եք, և հիմա էլ կենաց ու մահու պայքարի եք լծվել` կառչած մնալու այդ աթոռներին, որոնք հիմնականում ծառայեցվել են ձեր ու ձեր քաղաքական հովանավորների նեղ անձնական շահերին ու միջանձնային/ներկլանային հարաբերությունների սպասարկմանը։

Աբովյանը Հայաստանի Հանրապետությունն Է՛.

Այն ոչ մեկի սեփական կալվածքը ՉԷ՛. և Աբովյանում Քաղաքացի՛ն է որոշելու, թե ով է ստանձնելու այն մեծ պատասխանատվությունն ու դրանից բխող` առաքելությունը, որի կարիքը աբովյանցին ունի դեռ շատ վաղուց։

Այլևս չկա վերադարձ հնին, հինը մերժված է` իր բոլոր դրսևորումներով, իսկ դուք հնի կրողն ու հենարանն եք. և պետք է ՀԵՌԱՆԱ՛Ք. հանուն աբովյանցու, հանուն Կոտայքի, հանուն Հայաստանի Հանրապետության։

Հ.Գ. Առաջիկա օրերին մեծ ու անկեղծ զրույց կունենանք այս տիրույթում, ինչպես և ունենում ենք Աբովյանի բոլոր բակերում, մեր յուրաքանչյուր Քաղաքացու հետ. մեր Քաղաքացին այլևս հաղթել է` նախ իր մտքում, իր գիտակցության մեջ, ապա նաև` հունիսի 9֊ի իր ընտրությամբ։

#Քայլ_արա_Աբովյան

#Գուլյան_քաղաքապետ», – ասված է Պետրոսյանի գրառման մեջ:

Աբովյան քաղաքում, որտեղ հունիսի 9-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, թեժ ընտրապայքար է ընթանում: Գործող քաղաքապետը Վահագն Գեւորգյանն է, որին նախորդ ընտրություններում սատարել եւ այժմ էլ սատարում է ԲՀԿ-ն: