Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

- in Իրավունք
Vostikan

Ավազակային հարձակում գործելու, երիտասարդ կնոջն առեւանգելու ու  բռնաբարելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանն իր խցակցի հետ միասին փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

է.Վարագյանը պահվել է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցում, որտեղ նրա հետ միասին պատիժը կրել է նաեւ ավազակության համար դատապարտված Փայլակ Մարտիրոսյանը: Նախնական քննության տվյալներով` նրանք համաձայնության են եկել փախուստի դիմելու հարցում եւ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի պատն սկսել քանդել: Մասնավորապես` նրանք քերել են բետոնը, քարն առանձնացրել ու պատի վրա անցք բացել, որտեղով փորձել են դիմել փախուստի, բայց բռնվել:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3-րդ կետերով, իսկ Փ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով:

Ավելի վաղ հայտնի էր, որ է.Վարագյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել  ազատազրկման՝ 15 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Ըստ դատավճռի` 2013 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 03-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Վարագյանը կոտրելով Երևանի Նորքի 13-րդ փողոցում գտնվող քաղ. Ք Բաղումյանի առանձնատան պատուհանի ապակին՝ ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող՝ որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է  Բաղումյանի և վերջինիս անչափահաս դստեր վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ազդող նյութը փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով նրանց աչքերը սկսել են մրմռալ։ Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բաղումյանի, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերըը ու պահանջել ոսկյա զարդեր, կանխիկ գումար: Առանձնատնից հափշտակելով առանձնապես խոշոր չափի գույք` ոսկյա զարդեր ու այլ թանկարժեք իրեր` նա երիտասարդ կնոջն ու նրա դստերը  հարկադրաբար տեղավորել է վերջիններիս պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, և դրանով բացահայտ առևանգել նրանց՝ տեղափոխելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք։ Այստեղ արդեն Է.Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, ապա` բռնաբարել, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նաև անչափահաս աղջկան և նրան մոր հետ թողնելով դաշտում, իսկ ինքը  ավտոմեքենայով հեռացել։Ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը ու տարբեր դատական ատյաններ բողոքներ է ներկայացրել:

Փայլակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Ըստ դատավճռի` նա «ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, մտնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ, հարձակում է գործել նշված մասնաճյուղի 5-րդ դըրամարկղի աշխատակցուհի վրա և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել  զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի։

Փ. Մարտիրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը ու դատաքննությունը դատարանում տեղի է ունեցել արագացված կարգով: