Արդյո՞ք դեսպան-Քոչարյան հանդիպումը իր ազդեցությունն է թողել ՀՅԴ-Ծառուկյան հանդիպման վրա

- in Կարծիք

Դաշնակցության պատվիրակները նախօրեին հանդիպել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և քննարկել ներքին ու արտաքին քաղաքական հարցեր:

Դաշնակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունը շարունակելու է քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների գործընթացը: Շատ նման է օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպմանը հաջորդած դեսպանատան հաղորդագրությանը, որ հանդիպումը եղել է հասարակական-քաղաքական գործիչների և գործարարների հետ հանդիպումների շարքից: ՀՅԴ-ն էլ փորձում է ակնարկել, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը, այսպես ասած, ընդհանուր շարքից էր, առանձնահատուկ չէր:

Ընդհանուր շարքից են այդ երկու բավականին նման տոնայնությամբ «պարզաբանումները»՝ ռուսական դեսպանության և ՀՅԴ, իհարկե դժվար է ասել: Դժվար է ասել, արդյո՞ք դեսպան-Քոչարյան հանդիպումը իր ազդեցությունն է թողել ՀՅԴ-Ծառուկյան հանդիպման վրա: Մյուս կողմից, Ռուսաստանի դեսպանատունը հազիվ թե Ծառուկյանի հետ որևէ միջնորդության համար ունենար ՀՅԴ կարիքը: Փոխարենը, գուցե Դաշնակցության կարիքն ունի Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով այն, որ Ծառուկյանը պարբերաբար հայտարարում է, թե որևէ կապ չունի նրա հետ, կամ նրան առնչվող մարդկանց հետ: Նույնը բանը հազիվ թե կարողանա հայտարարել ՀՅԴ-ն: Իհարկե, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ ՀՅԴ-ն Ծառուկյանի հետ հանդիպմանը կատարել է զուտ Քոչարյանի միջնորդի դեր: Հնարավոր է, որ երկրորդ նախագահի մասին չի էլ խոսվել: Մյուս կողմից, իսկ ինչի՞ մասին կարող էին խոսել ՀՅԴ-ն ու Ծառուկյանը, այն պարագայում, երբ երկրորդ նախագահ Քոչարյանը բավականին հստակ ու վճռականորեն հայտարարել է ընդդիմադիր հզոր միավոր ստեղծելու և իշխանությանը մարտահրավեր նետելու մասին:

Այդ հայտարարությունը գործնականում նշանակում էր, նշանակում է, որ ներկայումս գոյություն ունեցող ընդդիմությունները՝ անկախ ամեն ինչից, ի վիճակի չեն մարտահրավեր նետել գործող իշխանությանը: Եվ, խոշոր հաշվով, դա այդպես է, որքան էլ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը Ծառուկյանին կարծես թե հաջողվել է հաղթել իշխանության թեկնածուին: Ի վերջո, ՏԻՄ-ն այլ օպերայից է: Այդպիսով, եթե Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է այդպիսի բաց և միարժեք հայտ, ապա մյուս քաղաքական միավորները, որոնք իրենց հայտարարում են ընդդիմություն, կամ պետք է քննարկեն Ռոբերտ Քոչարյանին միանալու հարցը, կամ պետք է քննարկեն Ռոբերտ Քոչարյանի դեմ միավորվելու հարցը, որովհետև հաջողության դեպքում Քոչարյանը, փաստորեն, քաղաքական շանսից առաջին հերթին հենց նրանց է զրկելու, մինչև իշխանությանը հասնելը: Թե հատկապես որ տարբերակն են քննարկել ՀՅԴ-ն ու Ծառուկյանը, և ինչ եզրահանգման հասել, պարզ կլինի թերևս ժամանակային որոշակի տարածության մեջ: