Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում

- in Պաշտոնական

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդի տարեկան ժողովում նախորդ մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած նիստի սկզբում իր ելույթում նախագահն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հատկապես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին:

«Այս տարին այդքան դյուրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել և վերականգնել հիմնադրամի բարի անունը և համբավը: Այս իմաստով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին և հիմնադրամի անձնակազմին՝ նորընտիր տնօրենի գլխավորությամբ: Նաև բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին հստակ և շիտակ՝ իրավիճակը կարգավորելու համար»,- ասաց նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, բացասաբար չեն ազդել հիմնադրամի հետագա գործունեության վրա:

«Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունից հետո, որի վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այնուհանդերձ գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018թ. հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20%-ով, իսկ նվիրատվությունները շարունակվում են նաև այսօր»,- նշեց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Արմեն Սարգսյանn ընդգծեց, որ հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, մոբիլ, ճկուն և հզոր կառույց:

«Ավելի քան 25 տարի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը, որպես Հայաստանը, Արցախը և սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է, այդպիսին է այսօր և այդպիսին պետք է մնա ապագայում: 2018թ. ընթացքում հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալների ընդհանուր շուրջ 100 ծրագիր: Որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառուց: Դրա համար պետք է կարողանալ փոխվել նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով և կանոնադրությամբ: Փոխվելուց պետք է չվախենալ, հատկապես, երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշեց, որ հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ:

«Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ ապագայով: Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարած աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին: Շարժվենք դեպի ապագա: Հիմնադրամի գործունեության վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ, հստակ ուղերձ ունենա, և այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով: 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ»,- նշեց Արմեն Սարգսյանը: