Արտակ Զեյնալյանն ասել է իր հրաժարականի պատճառը

- in Ով ով է ...
Artak Zeynalyan

Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,- ասաց Զեյնալյանը: Նա նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չէր իմ հրաժարականը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում: Այն, ինչ հրապարակվել է, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է հրաժարական ներկայացնելու եզրակացությանը»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը նշեց, որ ինքը վերլուծել է բոլոր դժգոհությունները՝ անկախ այն բանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, թե անհիմն եւ հետո միայն հրաժարական ներկայացրել:

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ դատարաններն արգելափակելու ակցիան է նրա մոտ դժգոհություն առաջացրել, ինչն էլ հրաժարական տալու հիմք է եղել, Զեյնալյանն արձագանքեց. «Այդ ակցիայի հետ կապված ես տվել եմ պարզաբանում, դա համընկել է Նիկոլ Փաշինյանի պարզաբանման հետ, որը մասնավորապես հետեւյալն է՝ դատական իշխանության կողմից իրականացված գործողությունները, որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ: Սա նաեւ նպատակ է հետապնդում տարանջատվելու դատական իշխանությունից եւ ցույց տալու, որ դրանք գործում են ոչ գործադիր իշխանության ներքո»:

Հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում եղել են դժգոհություններ իրենից, Զեյնալյանը պատասխանեց, որ պետական կառավարումը գիտություն է, իրավաբանությունը՝ եւս. «Սրանք պետք է իրար զուգակցել: Ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին եւ պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետեւանքներից: Օրենքը պետք է ընդունվի օրենքի համար նախատեսված ընթացակարգով եւ ժամկետներով, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով: Այն պետք է ներկայացվի հանրային քննարկման, իսկ կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մոտ առաջացնում են սուր բախումներ: Պետք է սրանց միջից ընտրվի ոչ միայն իրավաչափը, Սահմանադրությանը համապատասխանողը, այլ նաեւ հասարակությանը բավարարողը: Այս ամենի համադրումը եղել է ե՛ւ իրավաչափ ե՛ւ համապատասխանող պետական կառավարման համակարգին»,- ասաց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ Զեյնալյանը հունիսի 7-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր հրաժարական տալու մասին: Նշենք, որ Զեյնալյանը դեռեւս շարունակում է պաշտոնավարել՝ մինչեւ լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան հրամանագիրը:

Spread the love