Արտահոսք Քոչարյանի հետ դեսպանի հանդիպումից. անսպասելի շրջադարձ

- in Կեղտոտ լվացք

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկություն է տարածել ՌԴ դեսպան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման առիթով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցի մասին:

http://lragir.amԴրա ընթացքում, ըստ Ռուբինյանի, Հայաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ հունիսի 14-ին ՌԴ դեսպանի հետ ԱԳՆ-ում եղել է զրույց՝ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Ի դեպ, հատկանշական է այն, որ արտգործնախարարը Ռուբինյանին հայտնել է, որ այդ հանդիպման մասին առավոտյան խորհրդարանում փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը չի բարձրաձայնել պատգամավորների հարցերին պատասխանելիս, որովհետեւ չուներ հանդիպման մասին տեղեկատվությունը հրապարակայնացնելու թույլտվություն:

Այդ հանգամանքն ավելի հետաքրքիր է դարձնում իրավիճակը: Բանն այն է, որ փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ դեսպանը չի խախտել ընթացակարգը, եւ ԱԳՆ-ն չի կարող դժգոհություն հայտնել այդ կապակցությամբ:

Այժմ սակայն պարզվում է, որ ԱԳՆ-ն փաստացի հայտնել է իր դժգոհությունը կամ առնվազն մտահոգությունը, ընդ որում հունիսի 14-ին՝ այսինքն Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի հանդիպման հաջորդ օրը: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք դա տեղի է ունեցել մինչեւ ՌԴ դեսպանատան պարզաբանող հայտարարությունը տարածելը, որում նշվում էր, թե Քոչարյանի հետ դեսպանը հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների եւ գործարարների հետ ավանդական հանդիպումների շրջանակում:

ՌԴ դեսպանատան հայտարարությունը դե ֆակտո «արդարացում» էր երկրորդ նախագահի հետ դեսպանի հանդիպման համար: Այդ հայտարարությունը եղել է ԱԳՆ-ում ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցից հետո՞, թե՞ դեսպանը ԱԳՆ գնալուց առաջ է հրապարակել հայտարարությունը, հրավերից տեղյակ լինելով, թե ինչ զրույց է սպասվում ԱԳՆ-ում:

Գործնականում իրավիճակն աննախադեպ է մի քանի առումով: Նախ, որ Հայաստանի ԱԳՆ-ն արտերկրի դեսպանին զրույցի է հրավիրում ներքին գործերին չմիջամտելու համատեքստում՝ Հայաստանում ունեցած հանդիպման հետքով: Առավել աննախադեպ է այն, որ խոսքը Ռուսաստանի դեսպանի մասին է: Եվ հատկանշական է այն, որ հանդիպումը տեղի է ունենում հունիսի 14-ին, իսկ հանրայնացվում է հունիսի 17-ին:

Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում, կամ ընդհուպ հնարավոր է հարց տալ, թե ինչ է փոխվել առավոտից մինչեւ երեկո, որ առավոտյան փոխարտգործնախարարը չի ունեցել հանրայնացնելու թույլտվություն, իսկ երեկոյան զրույցի մասին հանրայնացվել է՝ ընդ որում ոչ թե հենց ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, այլ արդեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի միջոցով:

Արդյոք Երեւանին հայտնի են դարձել դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ հանդիպման որոշակի մանրամասներ, որոնք առաջացրել են Հայաստանի՝ ԱԳՆ մակարդակով դժգոհությունը հանրայնացնելու անհրաժեշտություն: Երկրորդ նախագահի եւ դեսպանի հադիպումը եղել է տետ ա տետ: Եթե ժամեր առաջ  հայտնի է դարձել դրանից որեւէ բան, որը առաջացրել է Երեւանի դժգոհությունը կամ դիտողությունը հանրայնացնելու անհրաժեշտություն, ապա հարց է առաջ գալիս, թե հանդիպման մասնակից ո՞ր կողմն է հանրայնացրել հավելյալ տեղեկություն տետ ա տետ զրույցի մասին՝ Ռոբերտ Քոչարյանի՞ շրջանակից որեւէ մեկը, թե՞ իշխանության համար «արտահոսք» է ապահովել ՌԴ դեսպանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան