Թեզիսներ Դատական իշխանություն բարեփոխումների վերաբերյալ

Նոր իրավիճակը դատական իշխանության շուրջ, որն արդեն մեկ տարի է, ինչ ձևավորվում է, ունի իրավաք-աղաքական լուրջ հիմքեր։ Իրավական հիմքերը վերաբերում են դատական իշխանության կազմակերպման, դատարանների արդյունավետ գործունեության և դատարանների անկախության սահմանադրական հիմունքներին։ Քաղաքական բաղադրիչը նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած ժողովրդական շարժման հետևանքով երկրում արձանագրված քաղաքական իրավիճակի փոփոխությունն է։ Քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթի և հանրության լայն շերտերում ակտիվ քննարկումներ են գնում դատական իշխանության բարեփոխման անհրաժեշտության և դրա ուղիների մասին։ Այդ պատճառով նպատակահարմար եմ համարում հիմնարար հարցերի վերաբերյալ իմ տեսակետները ներկայացնել համառոտագրված, թեզիսների ձևով՝ հնարավորինս խուսափելով ակադեմիական ոճից, քանի որ ցանկանում եմ մոտեցումս հասանելի դարձնել ոչ միայն իրավաբանական մասնագիտական հանրույթին։

Դատական համակարգի կառուցվածքի մասին

– Դատական եռաստիճան համակարգը պահպանելով՝ անհրաժեշտ է վերադառնալ այն համակարգին, որում վճռաբեկությունը դիտարկվում էր ոչ թե որպես կանոն, այլ՝ որպես բացառության ատյան։ Արդարադատությունը Հայաստանում պետք է ավարտվի վերաքննության փուլում, հետևաբար պետք է վերադառնալ վերաքննիչ ատյանի որոշումների անհապաղ օրինական ուժի մեջ մտնելու մոդելին։ Հայաստանի Սահմանադրությունը և Եվրոպական կոնվենցիան առավել պարտավորություն չեն դնում պետության վրա, քան մեկ դատական քննությունը և դրա վերաքննությունը։ Ընդ որում, բացարձակ պարտավորեցնող պայման չէ երկրի դատական համակարգի աստիճանների (ատյանների) քանակը։

– Բարձրագույն դատական ատյանին պետք է վերադարձնել իր կարգավիճակն ու բացառիկ առաքելությունը` օրենքի միատեսակ կիրառության ապահովումը Հայաստանում։ Սա ոչ միայն նպաստելու է Հայաստանում միասնական դատական պրակտիկայի ձևավորմանը (դատական նախադեպի ինստիտուտ), այլև լինելու է Հայաստանում իրավունքի զարգացման կարևորագույն գործիք (դատական իրավաստեղծություն)։

– Սահմանադրական և վճռաբեկ դատարանների լուծարման արդյունքում ստեղծել Գերագույն դատարան` որպես Հայաստանի բարձրագույն դատական ատյան (առավելապես իրավունքի դատարան), որը կիրականացնի ինչպես սահմանադրական արդարադատության գործառույթները, այնպես էլ՝ վճռաբեկության, իսկ առանձին դեպքերում նաև սահմանափակ վերաքննության գործառույթներ (փաստական հանգամանքների վերանայման գործառույթի բացառմամբ)։

– Վերանայել առաջին ատյանի դատարանների դատական տարածքները՝ սահմանելով ընդդատության այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան հնարավորինս համաչափ ծանրաբեռնվածություն ապահովել դատարանների և դատավորների համար՝ չխախտելով արդարադատության մատչելիության/հասանելիության սկզբունքը։

– Վերանայել ներկայում գործող մասնագիտացված դատարանների նպատակահարմարության և արդյունավետության հարցը՝ բացառությամբ սնանկության հարցերով դատարանի։

Քննարկել մասնագիտացված հետևյալ դատարանների ստեղծման նպատակահարմարության հարցը.

1. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ քրեական գործերի և որոշ այլ առանձնահատկություն ունեցող բարդ քրեական գործերի քննության համար,

2. մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցերի քննության համար,

3. տնտեսական բնույթի, մասնավորապես՝ հանքարդյունաբերության, բնական մենաշնորհների, խոշոր օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վեճերի քննության համար։

Դատավորների կարգապահական պատասխանատվության մոդելը

Մեծ հաշվով պահպանելով կարգապահական պատասխանատվության գործընթացի առկա մոդելը՝ անհրաժեշտ է բացառել բարձրագույն դատական ատյանի դատավորների նկատմամբ գործադիր իշխանության կարգապահական ներգործության որևէ հնարավորություն։ Բարձրագույն դատական ատյանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չպիտի հարուցի նաև դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի հանձնաժողովը։ Որպես կիրառելի կարելի է դիտարկել գործող սահմանադրությամբ սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսված մոդելը։ Միարժեք բացառել է պետք հնարավորությունը կարգապահական վարույթ հարուցելու բարձրագույն դատական ատյանի դատավորների նկատմամբ նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կամ կոպիտ խախտում թույլ տալու հիմքով։ Հակառակը դատական իշխանության տակ դրված դանդաղ գործողության ռումբ է և դատական իշխանության հեղինակազրկման դասական օրինակ։

Դատական իշխանության ինքնակառավարման համակարգի մասին

Գործող սահմանադրությամբ նախատեսված դատավորների ինքնակառավարման և անկախության ապահովման գործիքակազմը թերի է և անկատար։ Ստեղծված մարմինների ոչ միայն գործառութային խառնաշփոթի հետ գործ ունենք, այլև սահմանված է մի համակարգ, որի հիմքում համակարգային շահերի բախում է դրված։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ եմ համարում սահմանել դատարանի անկախության և դատական իշխանության ինքնակառավարումն ապահովող մարմինների հետևյալ համակարգը.

– դատավորների ընդհանուր ժողով՝ որպես ինքնակառավարման բարձրագույն մարմին։ Այս մարմնին է պատկանում հանձնաժողովների (այդ թվում կարգապահական կամ էթիկայի) ձևավորումը և բարձրագույն դատական խորհրդի կամ արդարադատության խորհրդի, սահմանադրական դատարանի դատավոր անդամների ընտրությունը։ Անհրաժեշտ է դատավորների ընդհանուր ժողովին օժտել դատական իշխանության միասնական կարծիքը արտահայտելու բացառիկ իրավունքով և նրա որոշումների իրավաքաղաքական կշիռը բարձրացնելու նպատակով սահմանել բոլոր պետական և հանրային կառույցների և մարմինների պարտավորությունը պատասխանելու ընդհանուր ժողովի հարցումներին, հայտարարություններին և առաջարկություններին։

– Դատարանների նախագահների խորհուրդ` որպես դատական իշխանության կազմակերպական և ֆինանսատնտեսական գործառույթը կրող մարմին։ Նախ, բարձրագույն դատական խորհրդին նման գործառույթ տրամադրելը հղի է շահերի բախման վտանգով` մնացյալ, առավել կարևոր կարգապահական և կադրային գործառույթների իրականացման համատեքստում, և երկրորդ ԲԴԽ-ի նման կարևոր գործառույթներով օժտված մարմնին ծանրաբեռնել կազմակերպական և ֆինանսական խնդիրներով, առավել ևս դատական դեպարտամենտի գործունեության պատասխանատվության բեռ դնել նրա վրա՝ անարդյունավետ է և վտանգավոր հիմնական գործառույթների վտանգման տեսանկյունից։ Բացի դա, դատարանների նախագահները դատական համակարգի այն ֆունկցիոներներն են, ում վրա դրված են որոշակի կազմակերպական գործառույթներ կոնկրետ դատարանի մասով և բնական է, որ այս անձինք պետք է զբաղվեն նման հարցերով նաև ողջ համակարգի մասշտաբով։ Ավելորդ չէ հիշեցնել, որ դատարանի նախագահի կարգավիճակը փոփոխելի է, և նման մոդելը չի բերի արտոնյալների «կաստայի» ձևավորման։

– Բարձրագույն դատական խորհուրդ կամ արդարադատության խորհուրդ որպես դատավորների նկատմամբ կարգապահական իշխանություն ունեցող մարմին, մարմին, որը լուծում է դատական իշխանության կադրային խնդիրները։ Այս մարմնի կազմավորման հարցում անհրաժեշտ է նախատեսել չափորոշիչներ, ինչը հնարավորություն կտա ընտրել ոչ դատավոր այնպիսի անդամներ, որոնք որևէ կերպ առընչվել են պրակտիկ իրավաբանությանը կամ արդարադատության գործառույթին։ Որպես տարբերակ կարելի է դիտարկել նաև պաշտոնաթող դատավարների քվոտավորված ներկայությունն այս մարմնում։ ԻՆչպես վերը նշվեց այս մարմինը պիտի զերծ լինի կազմակերպական և ֆինանսական-տնտեսական գործառույթներից։ ԲԴԽ-ի մշտապես գործող նախագահի պաշտոնի նպատակահարմարությունն այս պայմաններում վերանում է, իսկ նիստերի վարման կանոնը պիտի հիմնված լինի ռոտացիոն սկզբունքի վրա։

Միասնական մասնագիտական համայնքի ձևավորման անհրաժեշտությունը

Նպատակահարմար է քննարկել իրավաբանական մասնագիտական միասնական միավորման ստեղծման անհրաժեշտությունը դատավորների, դատախազների և փաստաբանների համար` որպես մասնագիտական չափանիշների միասնականացման և մասնագիտական համերաշխության ապահովման արդյունավետ գործիք։ Սա հնարավորություն կտա ունենալու միասնական մասնագիտական չափանիշներ՝ դրանով իսկ բարելավելով պրակտիկ իրավաբանության որակը երկրում, կձևավորի մասնագիտական համերաշխ հանրույթ և էապես կնվազեցնի պետության ծախսերn աս ոլորտում։

P.S.

1. Ներկայացված առաջարկությունները վերաբերում են միայն հիմնարար խնդիրների և սպառիչ չեն։ Մնացյալ առաջարկները և դրանց հիմնավորումները առավել մեծածավալ են և նախատեսված են մասնագիտական քննարկումների համար։

2. Առաջարկների սույն փաթեթը չի ներառում Հայաստանում անցումային արդարադատության գործիքների և վեթինգի կիրառման մասին մոտեցումներ, ինչը այլ քննարկման առարկա է։

Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան 

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...