Ishxan Zaqaryan

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանը ուղղված գործընթաց է սկսել։

Պատգամավորը կարծում է, որ Իշխան Զաքարյանի տեղը կալանավայրն է, և նա պետք է պատասխան տա իր թալանածի ծագման մասին հնչող հարցերին։ Պատգամավորը որոշել է Իշխան Զաքարյանի վերջին 25 տարիների գործունեությունը նկարագրող նամակով դիմել Համահայկական խաղերին մասնակցելու հայտ ներկայացրած Սփյուռքի կառույցներին, որպեսզի նրանք ևս բավարար հիմք ունենան Իշխան Զաքարյանի հրաժարականի պահանջին միանալու համար։

Մենք երեկ արդեն անդրադարձել ենք այս նախաձեռնությանը ու բացահայտել ենք Զաքարյանի կերպարն՝ ընդհանուր անդրադարձ կատարելով նրա անցյալին։

Զաքարյանը կմնա մեր տեսադաշտում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի լքել Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնը կամ չի հեռացվել դրանից։ Սա մեր «վեթինգի» նվազագույն պայմանն է։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայնակ բռնապետություն չեն ստեղծել, նրանց այս գործում օժանդակել են բազմաթիվ մարդիկ՝ դրա դիմաց ստանալով արտոնություններ, թալանի ինդուլգենցիա։ Այդ «կարկառուների» շարքում նշանային դեմք է Իշխան Զաքարյանը, որը նաև քաղաքական «քամելեոնի» հատկություն ունի ու, թերևս, կփորձի «լեզու գտնել» նաև նորերի հետ, եթե Հայաստանում ու Սփյուռքում նրա դեմ մեծ շարժում չծավալվի։

Իշխան Զաքարյանի պետական ու քաղաքական գործունեության հիմնական նպատակը, առանցքը եղել է փող աշխատելը՝ պետական, հանրային միջոցների հաշվին։ Այլ խոսքով՝ նա զբաղվել է սովորական թալանով, որը, բարեբախտաբար, բացահայտվել է անցած տարիներին՝ հիմնականում հետաքննող լրագրողների ջանքերով։

Նման մի շնորհակալ գործ 2016-ին արել է «Հետք»-ը՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության հետ միասին, բացահայտելով, թե ով է պատսպարվում «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի թիկունքում ու գառնեցիներին զրկում ջրից ու հողից։

Այս հիմնադրամը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2015թ-ի հոկտեմբերի 6-ին կնքել են «Կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության» մասին N004 պայմանագիրը, որում նշված են հիմնադրամի կողմից Կոտայքի մարզի Գառնի, Հացավան և Արարատի մարզի Լանջազատ համայնքներում վարձակալած ընդհանուր 244 հեկտար մակերեսով հողատարածքների կադաստրային վկայականների տվյալները։

Ի դեպ, Հիմնադրամի գործունեությունն այս տարածքում համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ գառնեցիները պայքարում էին Ազատ գետի ջուրը խողովակաշարով Արարատի մարզ տեղափոխելու կառավարության որոշման դեմ: «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը գառնեցիներն ուղղակիորեն պայմանավորում էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնական շահգրգռվածությամբ, որի սեփական հողատարածքները գտնվում են Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն գյուղերում:

Հենց այդ օրերին հայտնի դարձավ, որ գառնեցիների սեփական հողատարածքները տնօրինում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ու բազմաթիվ են դեպքերը, երբ քրեաօլիգարխիայի «հայրերից» մեկը՝ Հովիկ Աբրահամյանը ու վերջին տարիների նրա հավատարիմ «դեսանտ» Իշխան Զաքարյանն ունեցել են բիզնես ընդհանրություններ։

Իշխան Զաքարյանը յուրահատուկ բնավորություն ունի ու սկզբնական շրջանում համառորեն հերքել է բազմաթիվ պնդումներն առ այն, որ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի և այդ տարածքներում տնկված նորատունկ այգիների հետևում կանգնած է հենց ինքը՝ Վերահսկիչ պալատի նախագահի իր ամենազոր կարգավիճակով։ Դե, այդպիսնն էր կարգը քրեաօլիգարխիայի իշանության տարիներին, երբ «թղթով» ամեն բան կարգին էր։

Սակայն «Հետքը»-ի Իշխան Զաքարյանից շատ ավելի «համառ» է գտնվել ու դեռ 2016-ին պարզել է․ «․․․«Կարմիր բլուր» հիմնադրամի գտնվելու վայր է նշված քաղաք Երևան Միկոյան 19, բնակարան 20 հասցեն, որը համընկնում է կանոնադրության մեջ որպես հիմնադիրներ նշված ՀՀ երեք քաղաքացիներից առաջինի՝ Սուրիկ Սերոբի Հովսեփյանի բնակության (հաշվառման) վայրի հետ։ Իսկ արդեն համացանցում տեղադրված լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սուրիկ Հովսեփյանը բավականին մտերմիկ կամ նույնիսկ բարեկամական կապեր ունի Իշխան Զաքարյանի որդու՝ Վարդան Զաքարյանի հետ։ Բացի այդ, շատ «պատահական» զուգադիպությամբ, «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի հիմնադիր Սուրիկ Հովսեփյանի հարազատ քույրը՝ Լիլիթ Հովսեփյանը, նաև աշխատում է հենց Իշխան Զաքարյանի գլխավորած Վերահսկիչ պալատում»։

Կարծում ենք՝ իրավապահ մարմինները կարող են նայել երեք տարվա վաղեմություն ունեցող լրատվական հետաքննող նյութերը ու այս դրվագով գնահատական տալ Իշխան Զաքարյանի գործունեությունը։ ՎՊ նախկին նախագահի առանձնատան, «բլուրի» հետ կապված պատմություններն իրենց մեջ ակնհայտ քրեական, կոռուպցիոն բաղադրիչ են պարունակում։ Իսկ Իշխան Զաքարյանն օր առաջ պետք է հեռանա Համահայկական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնից՝ «դուխով» գլխարկը իր գլխին հարմարեցնելու նվաստացուցիչ փորձերի փոխարեն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...