Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում

Gagik Carukyan

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Տեղեկությունը ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։

Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի անունը ևս հիշատակված է Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած զեկույցում, ըստ որի՝ Մարտի 1-ի նախօրեին պաշտպանության նախարարության իրային պահեստից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին: Հրապարակված ցանկի համաձայն՝ այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի և այլ օլիգարխների թիկնազորի մասնակցության փաստն այդ օրերի գործողություններին մշտապես հաստատել է նաև Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։ Նա բազմիցս նշել է, որ մարտի 1-ին Երևան էին բերվել զինվորականներ, որոնցից յուրաքանչյուրին 50 հազարական դրամներ են բաժանել, և որ գումարի աղբյուրը եղել են մի շարք օլիգարխներ։ Նա նշել էր, որ դրանք այն նույն օլիգարխներն էին, որոնք մինչև մարտի 1-ը ՊՆ պահեստից ստացել էին զինվորական հանդերձանք։ Այդ օլիգարխներն էին՝ Գագիկ Ծառուկյանը, Սուրիկ Խաչատրյանը, Վաչագան Ղազարյանը, Գագիկ Բեգլարյանը և այլոք։ Փաստաբանի խոսքերով՝ նրանք այդ հանդերձանքը ստացել էին, որպեսզի նրանց թիկնապահները մասնակցեին մարտի 1-ի իրադարձություններին և մասնակցել են:

Ծառուկյանը, սակայն, բազմիցս անդրադարձել է այս հարցին և այդ տեղեկությունները համարել շանտաժ՝ հայտարարելով, որ «Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, և ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի»։ «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»,- ժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանը։