Գագիկ Ծառուկյանը նորից է հրավիրվել հարցաքննության

- in Իրավունք
Gagik Carukyan

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նորից հրավիրվել է հարցաքննության։ 

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննության կանչվելու գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին հարցաքննության կանչելու շարժառիթը Ազգային ժողովում նրա արած հայտարարություններն են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենայի եւ բնակարանի դուռը հրկիզելու դեպքով հարուցված քրեական գործի մասին։ Ծառուկյանը մասնավորապես ասել էր. «Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց սրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի»։

Հունիսի 13-ին, սակայն, Ծառուկյանը  չէր ներկայացել հարցաքննության։ Չներկայանալու պատճառների մասին նա նախաքննական մարմնին չէր հայտնել։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա պատռել է հարցաքննության կանչման թերթիկը։

Ավելի ուշ՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. ‹‹Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել, ում պետք է՝ թող ուղարկեն և իրենց պարտականությունը կատարեն, գործը բացահայտեն››,-նշել էր նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...