Գագիկ Ծառուկյանի աննախադեպ խոստովանությունը

Gagik Hovik

Եթե կապ լիներ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա Քոչարյանի որեւէ մերձավոր, ընկեր, ծանոթ կլիներ կուսակցության շարքում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 http://lragir.amԾառուկյանը ուշագրավ խոստովանություն է արել մի քանի տեսանկյունից: Նա փաստացի բացահայտել է նախկին համակարգի փոխհարաբերության տրամաբանությունը, այսպես ասած փոխադարձ վերահսկողության մեխանիզմը: Ինչու՞ պետք է Քոչարյանի հետ կապն արտացոլվեր ծանոթ-բարեկամի ներկայությամբ: Որպեսզի դրանով նաեւ վերահսկվեր գործունեությունը, կամ այլ կերպ ասած՝ դա Ռոբերտ Քոչարյանի «բաժնեմասն» էր լինելու: Խոսքը տվյալ օրինակի մասին է, որը արտացոլում է նախկին իշխող համակարգում տնտեսա-քաղաքական հարաբերությունների կառուցվածքն ու տրամաբանությունը:
Մյուս կողմից, ԲՀԿ նախագահը փաստորեն ակամա խոստովանում է, որ առնվազն մինչեւ 2015 թվականը ԲՀԿ-ն կապ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ, թեեւ դարձյալ հերքում էր այդ կապի առկայությունը: Բայց, այն ժամանակ օրինակ Գագիկ Ծառուկյանը որպես կապի բացակայություն չէր վկայակոչում ծանոթ-բարեկամի մեխանիզմը:

Մինչդեռ, հայտնի է, որ այդ ժամանակ ԲՀԿ-ում էին անձինք, որոնք կապվում էին Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ: Ոչ միայն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասին է խոսքը: Ընդ որում, այդօրինակ գործիչներ ԲՀԿ-ում եղել են հենց կուսակցության աշխուժացման շրջանից՝ 2006-07 թվականներից: Օրինակ, այդ ժամանակ ԲՀԿ հետ էր Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրը, ինչը համենայն դեպս Ծառուկյանի ներկայացրած չափանիշով հուշում է, որ ուրեմն կար կապ երկրորդ նախագահի հետ:

2015-ին երրորդ նախագահի հետ հայտնի բախումից հետո, երբ նա կոշտ քայլեր կատարեց Ծառուկյանի դեմ, ԲՀԿ-ից հեռացավ այն թեւը, որն ասոցացվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ եւ ուներ առավել կոշտ դիրքորոշում կուսակցության ընդդիմադիր վարքագծի հարցում:

Ավելին, Սերժ Սարգսյանն իր ելույթում թափանցիկ ակնարկում էր, որ բուն խնդիրը Գագիկ Ծառուկյանը չէ, այլ մարդիկ, որոնք օգտագործում են նրա այսպես ասած քաղաքական անիրազեկությունը: Վկայությունն այն էր, որ 2017-ի ընտրությունից առաջ Սարգսյանի լուռ համաձայնությամբ Ծառուկյանը վերաբացեց քաղաքական էջը, բայց արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի հետ «ծանոթ-բարեկամ»-ների:

Իհարկե այստեղ բուն խնդիրը բոլորովին Ռոբերտ Քոչարյանը չէ: Ի վերջո, որեւէ մեկը չի կարող որեւէ կուսակցության արգելել գործակցել այս կամ այն գործչի կամ ուժի, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ:

Թե ինչու՞ էր ԲՀԿ-ն մինչեւ 2015-ն էլ հերքում կապը, դարձյալ հասկանալի է՝ Ռոբերտ Քոչարյանը տրենդային, վարկանիշային գործոն չէ, հետեւաբար շահեկան չէ խոստովանել կապը: Մյուս կողմից, նա գործոն է դիտվում իր տարբեր տնտեսական եւ քաղաքական արտաքին կապերով:

Բայց, ըստ երեւույթին 2015-ից հետո Գագիկ Ծառուկյանի մոտ առաջացել է անվստահություն երկրորդ նախագահի հանդեպ, որը վճռական պահին գուցե չցուցաբերեց այն աջակցությունը, որ ակնկալում էր Ծառուկյանը: Եվ հնարավոր է, որ դա էլ Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց ազատվել երկրորդ նախագահի հանդեպ որեւէ թե քաղաքական, թե բարոյական, անձնական պարտավորությունից եւ հիմա գործնականում հայտարարում է այդ մասին:

Արդյոք դա է պատճառը, որ Ծառուկյանը նաեւ մարտի 1-ի մասին էր ասել բաներ, որ չէր ասել նախկինում: Ասվածն իհարկե աշխարհացունց չէ, սակայն, նա օրինակ առաջին անգամ ասել էր, որ Մարտի 1-ին իրեն զանգել հրավիրել են կառավարություն զրույցի, մոտ 30 րոպե եղել է այնտեղ, բայց տեսել է խառը իրավիճակ եւ քանի որ հետը ոչ ոք չի զրուցել, ուղղակի հեռացել է այնտեղից:

Թե՞ այդ առումով հայտարարությունը կապված է արդեն մարտիմեկյան գործում նոր զարգացումով՝ կոնկրետ սպանության կասկածով կալանավորված Գեղամ Պետրոսյանով եւ նրան ներկայացված մեղադրանքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...