Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների

- in Իրավունք

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ Մարտի մեկի գործով նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների:

Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս այս պահին: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող է շղթայական բացահայտում լինել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի 10 սպանություններից մեկի դեպքով՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

«Աշխատանքները, դուք էլ համոզվեցիք, որ շարունակվում են շատ ակտիվ: Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ, թե ոչ»,- լրագրողներին ասաց ՀՔԾ պետը:

Հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է, որ բոլոր 10 սպանությունները կբացահայտվեն, նա պատասխանեց. «Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ինչն օbյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ լալավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:

Հարցին, թե կա՞ն ապացուցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել»: Նա հավելեց՝ դատարանն էլ գտել է, որ առկա է և հիմնավոր կասկածը, և հիմքը՝ կալանավորման որոշում կայացնելով:

Հատուկ քննչական ծառայության քննիչները գերբեռնված են աշխատում, նրանց օգնության են հասնում այլ ծառայություների քննիչները: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկսով: Այդ դիմումների մեջ նույնիսկ կան դիմումներ, որոնք չեն վերաբերում Հատուկ քննչական ծառայության գործառույթներին: Բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս, քանի որ այդ դիմումների հիման վրա պատրաստվում են նյութեր:

«Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինելու այդ որոշումների բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացնել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հիմնական ծանրաբեռնվածության հարցը լուծվում է հետևյալ կերպ. «Դիմում ենք գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ ՊԵԿ-ից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից գործուղվում են քննիչներ, որոնք մեր քննիչների ղեկավարությամբ աշխատում են քննչական խմբերում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի գործերի որակը չտուժի: Երկար են մնում քննիչներն աշխատավայրում: Իհարկե, կցանկանայինք, որ հաստիքներն ավելանային, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս թեկուզ մեկ կամ երկու քննիչ ընդունել աշխատանքի»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...