Դադարեք վախենալ Ռուսաստանից կամ ամեն ինչի հետևում տեսնել ՌԴ ամենակարող ձեռքը

- in Վերլուծական

Հայ-ռուսական հարաբերությունը հեղափոխությունից հետո դիտարկվում է բացառապես նախկին իշխող համակարգի պաշտպանության, ըստ այդմ՝ Հայաստանում նոր իշխանության հանդեպ դիրքավորման տեսանկյունից:

Հայաստանում կա տարածված համոզում, որ Ռուսաստանը նախկին իշխանությանը կամ դրա առաջին դեմքերին պաշտպանելու անվերապահ դիրքում է, ըստ այդմ՝ Հայաստանի նոր իշխանությանը հայտարարել է պատերազմ: Որքանո՞վ է իրական այդ պնդումը, և որքանով է այն օգտագործում հենց նախկին իշխանությունը, հանրային հոգեբանության վրա խաղալու համար: Անկասկած է, որ Մոսկվան եղել է Հայաստանում իշխած համակարգի գլխավոր հովանավոր, այդ համակարգի շնորհիվ գերիշխել է Հայաստանի վրա, այդ գերիշխանությունը վերածել տնտեսական սեփականության, քաղաքական գերազդեցության և այլն:

Մյուս կողմից, ակնառու է, որ Հայաստանում հաղթել է ժողովրդական թավշյա հեղափոխությունը, որի հիման վրա ձևավորվել է նոր իշխանությունը:

Ռուսաստանը փաստորեն գտնվել է նախկին իշխող համակարգի նկատմամբ անկարող: Չի կարողացել պաշտպանել այդ համակարգի, հետևաբար նաև իր դիրքերը: Եվ ուրեմն, հայ ժողովուրդը այդ հարցում հաղթել է Ռուսաստանին, ընդ որում՝ չգնալով ուղիղ դիմակայության: Ինչո՞ւ են հիմա Ռուսաստանով վախեցնում հայ ժողովրդին: Սա է գլխավոր հարցերից մեկը, որ կանգնած է հետհեղափոխական Հայաստանի համար: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը, այսպես ասած, հիացած է Հայաստանի փոփոխություններով ու ժողովրդավարացման հեռանկարով, դարձել է ժողովրդավարության մեր դաշնակիցը, կամ այլևս հրաժարվել է նախկին իշխանությանը պաշտպանելու մտքից:

Ամենևին, բացարձակապես, և Ռուսաստանն էլ տվյալ պարագայում բազմաթիվ շերտեր են, իրենց խնդիրներով ու մարտահրավերներով: Հարցն այն է, որ Հայաստանում նախկին իշխող համակարգն ակնհայտորեն փորձում է հեղափոխությունը տանել Ռուսաստանի հետ, այսպես ասած, ուղիղ բախման:

Ուղիղ բախումից խուսափելու շնորհիվ Հայաստանը կարողացավ հաղթել այն համակարգին, որը ՌԴ հովանավորյալն էր, և որի շնորհիվ Ռուսաստանը գերիշխում էր Հայաստանի վրա: Կրկնենք, որ դա տեղի ունեցավ ուղիղ բախումից, ուղիղ բախման օրակարգից խուսափելու շնորհիվ: Ըստ այդմ պետք է անել հետևություն, թե ինչ նպատակով և ինչ շրջանակներ կարող են տանել հետհեղափոխական Հայաստանը և առաջին հերթին հանրային գիտակցությունն ու հոգեբանությունը Ռուսաստանի հետ ուղիղ բախման: Եվ դարձյալ կրկնենք, դա չի նշանակում, որ Ռուսաստանն է փոխվել, կամ փոխվել են ՌԴ նպատակները Հայաստանում, թեև համաշխարհային փոփոխություններն ու նաև Ապրիլյան քառօրյա պատերազմը ՌԴ-ին դրել են նաև այդ անխուսափելի անհրաժեշտության առաջ, բայց հարցը տվյալ դեպքում Հայաստանի փոխվելն է:

Հայաստանն է փոխվել, հանրային գիտակցությունն ու հոգեբանությունն է փոխվել, դադարել է մի պահ վախենալ Ռուսաստանից կամ ամեն ինչի հետևում տեսնել ՌԴ ամենակարող ձեռքը, ու հաղթել է: Հիմա ո՞ւմ է պետք այդ հաղթանակը գցել ավանդական մտակաղապարային հոգեբանության մեջ, և հանրությանը դնել հոգեբանական պարտության ռեժիմում: Եվ դա այն դեպքում, երբ ակնառու է Հայաստանի փոփոխության դրսևորումը՝ ՌԴ դեսպանը հրավիրվում է ԱԳՆ, և խոսք է գնում ներքին գործերին չմիջամտելու մասին, Հայաստանի արտգործնախարարը ասում է, որ, այո, Ռուսաստանի հետ կարող են լինել տարբեր ընկալումներ և քննարկումներ դրանց վերաբերյալ, ու դա բնական է, Հայաստանի գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի առաջ դնում է Հայաստանից դուրս՝ և փաստացի Ռուսաստան տարված ապօրինի սեփականության ու ունեցվածքի ու դրա վերադարձի հարցը: Այդ ամենը Մոսկվայի համար, իհարկե, տհաճ է, անգամ գուցե նյարդայնացնող, համենայնդեպս մի շարք շրջանակների համար: Բայց նրանք բախվում են Հայաստանի հանրության գիտակցության և հոգեբանության փոփոխության ուժին: Եվ ոմանք ձեռնամուխ են եղել տեղեկատվա-քարոզչական տիրույթում կոտրել այդ ուժը, այս կամ այն կերպ վերակերտելով անդիմադրելի Ռուսաստանի կերպարը: