Դավադիր ուժերի, բռնության կոչ անողների մասին. ԱԱԾ-ում տեղյակ են, թե ինչ փաստաթղթեր են ոչնչացվել

- in Հրապարակ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դավադիր ուժերի մասին տեղեկություն չի տրամադրում։ Այսօր լրագրողները Վանեցյանից հետաքրքրվեցին՝ եթե կան դավադիր ուժեր, որոնց մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսում, ինչո՞ւ ԱԱԾ-ն քայլեր չի ձեռնարկում. ՀՀ վարչապետն այսօր Ազգային ժողովում ձեզ հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին։ Եվ դրանից ավելի որևէ բան ես չեմ կարող ասել։

«Եթե կլինի որևէ ուժ, որը կփորձի Հայաստանի Հանրապետությունում զենքի կամ այլ անօրինական միջոցով կատարել գորոծողություն, կստանա համարժեք շատ խիստ պատասխան»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա հավելեց, որ ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին և բացառում է, որ լինեն նման դեպքեր։ «Եթե կլինեն, կստանան անմիջապես համապատասխան»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանը խորհրդարանում լրագրողների հետ  զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի սպանություններից մեկի գործով ձերբակալությանը։ Նա ասաց, որ հավաստիացնում է, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ օպերատիվ մարմինները միմյանց հետ համագործակցելով՝ անում են ամեն ինչ, ոորպեսզի բացահայտեն մարտի մեկի գործն ամբողջությամբ։

Հարցին, թե ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը արդյոք վերաբերում են Մարտի 1-ի գործին, և քրեական գործ հարուցվա՞ծ է, Վանեցյանը պատասխանեց, որ քրեական գործ հարուցված չէ։ «Սա յուրահատկություններ պարունակող գործ է, որը  պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը։ Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում ԱԱԾ տեսչական և ներքին անվտանգության  վարչության կողմից, բայց կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի և կփոխանցվի քննչական մարմին, որը կորոշի գլխավոր դատախազը։ Եվ քննչական մարմինը հետագայում տեղեկատվություն կտա»,- ասաց նա։

Վանեցյանը հավելեց, որ իրենք տեղյակ են, թե ինչ փաստաթղթեր են ոչնչացվել նախկին  իշխանությունների օրոք, բայց ինքը չի կարող պատասխանել հարցին՝ դրանք Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունեն, թե՞ ոչ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին  ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: ԱԱԾ-ն տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե:

Այս մասին ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գործառույթների իրականացման համար 2018-ին պահպանման ծախսերով նախատեսվել է 20 մլրդ 372 մլն 956 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: Այսինքն` ծախսվել է շուրջ 97.95 տոկոսը: Նախորդ տարի Հայաստանի ԱԱԾ-ի պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ներկայացրեց Վանեցյանը:

Ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը: Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:

Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքին։

«Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, գործը գտնվում է Քննչական կոմիտեում, և եթե հարցեր կլինեն, խնդրում եմ՝ դիմեք Քննչական կոմիտեին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը, Վանեցյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց ապահովում գրեթե անհնար է։ «Մեզ բոլորին հայտնի են տանսյակ դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ։ Եվ հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեմ բարձրաձայնել։ Այդ առումով, իհարկե, չենք կարող խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին»,- հավելեց Վանեցյանը։

Նա նշեց, որ նախքան այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի  ծրագիր, որը կարող է զերծ պահել ցանկացած գաղտնալսումներից։ «Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է։ Դա դեռևս թեսթային տարբերակն է, ստուգում է բոլոր տեսակի խոցելիությունը։ Այս պահին բավական պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի  գաղտնալսումը։ Դա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում, գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, ահննար է։ Աշխատանքային անունը ԱԱԾ է, և հիմա մեր աշխատակիցները իրար որ զանգում են․․․»,- ասաց Վանեցյանը։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վանեցյանը գաղտնիք բացեց։

Վանեցյանը նշեց, որ դա գաղտնիք չէ։ «Եթե դա իրեն հետագայում արդարացրեց, ես կարծում եմ՝ պետք է որոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն, և կտրամադրենք,  որպեսզի կարողանան խոսել»,- ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ նախկինում էլ հնարավոր էր ապահովել հեռախոսային խոսակցության անվտանգությունը, պարզապես ինքն արտերկրում էր, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ-ում, ռոումինգով են խոսել։

«Ռոումինգից օգտվելիս խորհուրդ եմ տալիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի»,- հորդորեց ԱԱԾ տնօրենը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սպաների պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով պետությունից 2 մլրդ դրամ ստանալու պարագայում պատրաստվում է ստեղծել ԱԱԾ ծառայողների ուսումնական կենտրոն: Ծառայության տնօրեն Վանեցյանը կոչ է անում աջակցել ֆինանսավորման հարցում:

Վանեցյանն այս մասին խոսեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2018-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հարցրեց՝ արդյոք ԱԱԾ-ի ուսումնական կենտրոն ունենալու համար ծախսեր հատկացված են։

«ՀՀ ԱԱԾ աշխատակիցները գործուղվում են ուսումնառության այլ երկրներ: 2018-ին ԱԱԾ-ն այդ մասով ծախսել է 240 մլն դրամ, որը բավական մեծ գումար է, որը ստիպված ենք ծախսել այլ երկրներում։ Այդ առումով ես նախաձեռնել եմ և փորձելու եմ 2020 թ. գործնական քայլեր անել, որպեսզի համակարգում ստեղծվի ԱԱԾ ծառայողների ուսումնական կենտրոն»,-ասաց Վանեցյանը: Հետո կորոշեն, թե այն ինչ կկոչվի` ակադեմիա, ուսումնական կենտրոն, թե համալսարան:

Վանեցյանը ներկայացրեց նաև իրենց հաշվարկները: Ժամանակակից համալսարան ստանալու համար միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի մոտ 2 մլրդ դրամ: Նա նկատեց, որ երբ այդ թիվը համեմատենք օտարերկրյա պետություններ ուղարկելու համար 240 մլն դրամ (տարեկան-խմբ.) ծախսի հետ, ապա այդ գումարը մեծ չէ: ԱԱԾ տնօրենը խնդրեց ԱԺ-ին աջակցել այս հարցի լուծմանը և Ատոմ Ջանջուղազյանին` տրամադրել 2 մլրդ դրամ, որ կարողանան ուսումնական հաստատությունը կառուցել:

«Կա հստակ ճանապարհային քարտեզ, անգամ տեղի հարցն ենք որոշել: Մնում է ֆինանսավորման հարցը լուծվի, և սկսենք շինարարությունը»,-եզրափակեց Վանեցյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...