Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը

- in Կարծիք

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող դարձյալ քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, պետք է ինքնաբացարկ հայտնի, այսօր լրագրողներին ասաց Մարտի մեկի տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Ես կարծում եմ՝ Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ կհայտնի այն հիմքով, որ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված ակտ է: Դավիթ Գրիգորյանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Նրա կայացրած երկու ակտերում էլ իրենց հիմքում սուբյեկտիվության տարր պարունակում էին»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի՝ Քոչարյանի կալանքի հարցով որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը:

Սաֆարյանն ասաց, որ կան ցուցմունքներ, որոնք կհրապարակի այն ժամանակ, երբ ժամանակը գա:

«Երբ որ երկրորդ նախագահն իրեն չենթարկվող մարդու մասին ասում է՝ ես նրա մաման կլացացնեմ, սա ցումցունքից հատված է, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության ու այս գործի քննության համար իրենից վտանգ ներկայացնել: Նրա ազդեցությունը կարող է շատ մեծ լինել այս գործի վրա»,- նշեց Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի դատարանի՝ տվյալ դեպքում Վերաքննիչ քրեական դատարանի որոշման պահանջները և Քոչարյանի գործով ՍԴ ուղարկած իր դիմումը հետ վերցնի:

Հարցին, թե երբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, դատախազը պատասխանեց, որ դատական ակտի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշման կատարումը: «Իսկ որոշումն այս պահից կատարման ենթակա դատական ակտ է»,- ասաց նա: