Դատական իշխանությունը եղել է գործադիրի ազդեցության ներքո

- in Կարծիք
Arman Tatoyan

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատարանների անկախության հետ կապված խնդիրները համարում է նախկինում դատական իշխանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք: Նրա խոսքով՝  դատական իշխանությունը գտնվել է գործադիրի ազդեցության ներքո: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե Թաթոյանի՝ որպես ՄԻՊ, գործունության ժամանակից՝ 2016-ից մինչ 2018-ի ապրիլ, իշխանությունների բաժանման սկզբունքը գործե՞լ է, թե՞ ոչ: «Ավելի կոնկրետ՝ դատարանները անկախ եղե՞լ են Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ »,-հարցրեց Մկրտչյանը:

«Դատարանների արտաքին ու ներքին անկախության հետ կապված լուրջ խնդիր ունենք: Դարձյալ նշում եմ, որ դա չքաղած դասերի հետևանք է: Դա հետևանք է այն բանի, որ մենք ուշադրություն չենք դարձրել դատական իշխանությանը: Եվ այո դատական իշխանությունը գործադիր իշխանության ազդեցության ներքո է եղել, և այդ առումով եղել են խնդիրներ»,-ասաց Թաթոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու ՄԻՊ-ը 6-րդ գումարման ԱԺ-ում այս մասին հայտարարություն չի արել: « 2017-ի վերաբերյալ 2018-ին ՄԻՊ-ի արված զեկույցում հստակ գնահատականներ են արված դատական իշխանության վերաբերյալ՝ այդ թվում արտաքին ու ներքին անկախության պակասի, քաղաքացիների վստահության պակասի հետ կապված: Իմ գործելաոճում, անկախ 2018-ի ապրիլի փոփոխություններից, որևէ փոփոխություն չի արձանագրվել: Եվ իմ գործունեությունը հստակ է»,-ասաց Թաթոյանն ու հիշեցրեց, որ ՄԻՊ-ը անկախության բարձր կարգավիճակ է ստացել նաև 2016,2017 և 2018թթ գործունեության համար: