Դեղին քարտ ցույց տալուց հետո քաղաքական մարմնի ներկայացուցիչը երեկ գլուխ էր գովում, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին

- in Հասարակություն

Քաղաքական մարմնի ներկայացուցիչը երեկ գլուխ էր գովում, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին, եւ հպարտանում էր, եւ դա հետեւեց Ազատության հրապարկում տեղի ունեցած այն հանրահավաքին, որտեղ ինքը հպարտանում էր, որ իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս։

Լավ է, որ դեղին քարտ են ցույց տվել, որովհետեւ կարմիր քարտը կնշանակի՝ պետք է գլուխ գովանք ինչի՞ն։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին։ Քոչարյանն ասաց, որ դա քրեորեն հետապնդելի արարք է եւ պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն։

Հարցին՝ սա հետեւա՞նք է, Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ հետեւանք, սա կոնկրետ գործողություն է, որը բռնություն է պարունակում։ Հետեւանքով որ նայենք, կգնանք մինչեւ Տիգրան Մեծի ժամանակները»,-ասաց Քոչարյանը՝ ընգծելով, որ պետք է դատապարտվեն բոլոր բռնության կոչերը։

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ասացին, որ վերջինս մեկ տարի առաջ նշում էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, եւ ստացվում է՝ ինքը ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվել։ Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ Վահե Գրիգորյանն ասել է իր տեսակետը, բայց Արմեն Սարգսյանը զբաղեցրել է նախագահի պաշտոնը, եւ այդ հարցը որեւէ դատարանում բողոքարկված չէ․

«Նախագահը իր լիազորությունների շրջանակներում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, եւ այստեղ իրավական տեսակետից ես որեւէ խնդիր չեմ տեսնում»։

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե Վահե Գրիոգրյանը իշխանության սիրելի թեկնածուն է, դրա համար էլ իրեն այս անգամ կընտրեն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել իր ապրած կյանքով, իր գիտելիքներով, մարտի մեկի տուժողների սիրելին է եղել, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ նախկին իշխանությունները փորձել են մեկուսացնել իրեն։ Այս պահին որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները, բարոյական նկարագիրը, եւ, ընդհանրապես, իմ պատկերացմամբ, Վահե Գրիգորյանի տեսակը պետք է տնօրինի մեր դատաիրավական համակարգը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...