Դիլիջանում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» խորագրով համաժողով-ցուցահանդեսը

- in Տնտեսական

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում հունիսի 22-ին մեկնարկեց  «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տավուշի մարզի ռազմավարկան զարգացման ներուժի մասին իր դիտարկումները կներկայացնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում Եվրոպական միության կողմից իրականացվող բիզնես աջակցության ծրագրերի վերաբերյալ ելույթ կունենա Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզան:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը և ՄԱԿ-ի զարգացման մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը կներկայացնեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցող ծրագրերը: Համաժողովին Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ծրագրերը կներկայացնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Իրենց ներդրումային ծրագրերն էլ կներկայացնեն Տավուշի մարզի մի շարք ձեռներեցներ և արտադրող ընկերություններ:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Տավուշի մարզի արտադրատեսակներին, որոնք ցուցադրված կլինեն առանձին տաղավարներով:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող  նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը  մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով: Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը:

Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են  Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:

«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,- ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:

«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի,  երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:

«Վերջինս ընդամենը փողոցում մանրավաճառությամբ է զբաղված եղել, պարզապես չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ և հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, բայց այնպես էլ չէ, որ ամենակարևորը փողն է: Մարդն օրվա վերջում բավարարված է լինում, որովհետև հասկանում է, որ ինչ-որ բան ստեղծեց, խնդիրներ ունի իր առաջ դրած, հաղթել է հուսահատությանը, հաղթել է «փողոցին», որտեղ մարդիկ 30 տարի սպասում են, թե ով պետք է գա` իրենց առաջարկի ներգրավվել ընտրական ընտրակեղծարարություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ռիտա Մարտիրոսյանի օրինակին, ով եղել է ուսուցչուհի և տեղափոխվել է Գեղարդ գյուղ` հիմնել դեղաբույսերի արտադրություն, Սամվել Գասպարյանին, ով սայլակին գամված որոշել է, որ ինքը կարող է իր մտքով հաղթահարել իր հաշմանդամությունն ու փայտից տարբեր իրեր է պատրաստում:

«Մարդն առավոտից երեկո աշխատում է: Այդ աշխատանքի իմաստն միայն այն չէ, թե ինչքան եկամուտ ստացավ, այլ մարդու ինքնագնահատականը, արժանապատվությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, որ մարդը ոչ թե ձեռքը պարզած ինչ-որ մեկից ինչ-որ բան է աղերսում, այլ հավատում իր ուժին, մարդն ինքն իրեն է հարգում և արժանանում ուրիշների հարգանքին: Այս տրամաբանությունը Հայաստանում ունի հաջողություն և համոզված եմ, որ այս բոլոր մարդիկ հաջողություններ են ունենալու: Այն աշխատանքը, որի մեջ դրված է գաղափար, միտք, հայեցակարգ, կոնցեպցիա` հաջողություններ է ունենալու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի: «Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանրյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով`  սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի: «Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետև Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով և գաղափարով: Ոչ ոք թող չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը: Մենք հավատում ենք խոսքին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: «Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա  ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու,  նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:

Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:

Համաժովը կավարտվի համերգային ծրագրով։