«Դո՞ւ ես մեր ընկերուհիներին բան ասել». «Փակ շուկայի» մոտ երեք երիտասարդ դանակի սպառնալիքով թալանել են անցորդին

- in Իրավունք
danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Խանգելդյանի, Հարություն Սագիյանի և Գրիգոր Գևորգյանի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Խանգելդյանն ու Գրիգոր Գևորգյանը, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն՝ կողոպուտ կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, 2017 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Երևանի Հրազդանի կիրճում մոտեցել են Սամվել Հ.-ին, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել՝ ոտքերով ու ձեռքերով ծեծել են նրան՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո Սամվել Հ.-ի պայուսակից բացահայտ հափշտակել են 20 հազար դրամ և 35 հազար դրամ արժողության բջջային հեռախոսներն ու 12 հազար դրամ գումարը՝ Սամվել Հ.-ին պատճառելով ընդհանուրը՝ 67 հազար դրամի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Հայկ Խանգելդյանը ավազակային հարձակմամբ ուրիշի գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Հարություն Սագիյանի ու գործով չպարզված երրորդ անձի հետ, 2018 թվականի հունվարի 4-ի կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայի ու Պարոնյան փողոցի հատման վայրում գտնվող գետնանցումում, տեսնելով Ստեփան Ի.-ին, մոտեցել են: Հայկ Խանգելդյանը, ըստ մեղադրանքի, բռնել է Ստեփանի ուսից, նրան հենել է գետնանցումում գտնվող ճաղերին: Գործով չպարզված անձը կանգնել է ձախ կողմում, իսկ Հարություն Սագիյանը՝ աջ կողմում՝ այդ կերպ փակել են փախուստի ճանապարհները:

Այնուհետև Հայկ Խանգելդյանը Ստեփանին սկսել է հարցեր տալ՝ իբր ծանոթ աղջիկներին նեղացնելու հարցի հետ կապված, միաժամանակ բռնել է Ստեփանի ուսից կախված պայուսակից: Ստեփանը հասկացել է, որ երիտասարդները ցանկանում են իրենից հափշտակություն կատարել, փորձել է փախչել, բայց Խանգելդյանը, ըստ մեղադրանքի, բռնել է նրա գլխարկից, կանխել է փախուստը: Գործով չպարզված անձը տուժողի ուսից հանել է պայուսակը, ստուգել է պարունակությունը, որոշ իրեր հանել ու դրել է իր պայուսակի մեջ, ապա տուժողի պայուսակը փոխանցել է Սագիյանին: Հայկն ու գործով չպարզված անձը շարունակել են փակել փախուստի ճանապարհը, իսկ Սագիյանը ստուգել է տուժողի պայուսակը, հանել է երկու տուփ թանկարժեք օծանելիք, դրամապանակը, բջջային հեռախոսի լիցքավորման սարքը: Միաժամանակ նա տվել է տուժողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք՝ սպառնացել է բարձր խոսելու դեպքում դանակով հարվածել նրան: Հայկ Խանգելդյանը ծոցագրպանից հանել է դանակը, պահել է տուժողի որովայնի հատվածում՝ նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից: Ստուգել են նաև տուժողի գրպանները, հանել են 18 հազար դրամ, 150 հազար և 10 հազար դրամ արժողության երկու բջջային հեռախոսները, ապա նորից տուժողին սպառնացել են դանակով ու հեռացել են՝ նրանից հափշտակելով ընդհանուրը՝ 378 հազար 500 դրամին համարժեք գույք և գումար:

Հայկ Խանգելդյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում կողոպուտի և որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով , Հարություն Սագիյանին՝խմբի կազմում որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, իսկ Գրիգոր Գևորգյանին՝ խմբի կազմում կատարված կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Հայկ Խանգելդյանը դատարանում հայտնել է, թե 2018 թվականի հունվարի 3-ի երեկոյան զանգել է Հարություն Սագիյանին, դուրս են եկել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ զբոսնելու: Ինքը մի պահ առանձնացել է գետնանցումում՝ բնական կարիք հոգալու, տեսել է տուժողին, հարցրել է՝ նա գումար ունի՞: Տուժողն ասել է, թե չունի: Ինքն ասել է՝ ինչո՞ւ ես խաբում, ու վերցրել է նրա «Սամսունգ» հեռախոսը, դրամապանակից հանել է գումար և ասել է, որ իր հետևից չգնա: Ինքը նստել է տաքսի, եղելությունը պատմել է Հարությունին: Իր մոտ դանակ չի եղել, ինքը տուժողի նկատմամբ ավազակային հարձակում չի կատարել, եղել է մենակ, իսկ Սամվել Հ.-ի հետ կապված դրվագին ընդհանրապես մասնակից չի եղել:

Հարություն Սագիյանը հայտնել է, թե 2018 թվականի հունվարի սկզբին Հայկը զանգել է իրեն, դուրս են եկել զբոսնելու: Հետո ինքն առաջարկել է գնալ իրենց տուն՝ սուրճ խմելու: Հայկն ասել է՝ սպասիր տաքսու մեջ, իջնեմ գետնանցում՝ բնական կարիք հոգալու: Ինքը սպասել է տաքսու մեջ: Քիչ անց Հայկը վերադարձել է խառնված ու ասել է, թե հեռախոս է գողացել: Ինքը նրա վրա զայրացել է, գնացել են իր տուն: Հաջորդ օրվա առավոտյան դուրս են եկել տանից, իրենց բռնել են: Առերեսման ժամանակ տուժողը սկզբում իրեն չի ճանաչել, իսկ հաջորդ օրն ասել է՝ իբր ճանաչել է, բայց վախից դրդված՝ այդ մասին չի հայտնել: Հարություն Սագիյանը պնդել է, թե կատարվածի հետ ոչ մի առնչություն չի ունեցել:

Գրիգոր Գևորգյանը հայտնել է, թե դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին Հրազդանի կիրճում: Ինքն ու Հայկը գնացել էին հագուստ գնելու: Հետո ինքը որոշել է գնալ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որ հետո Մաշտոցի պողոտայով գնա տուն: Տուժողին ինքը հարվածել է անպարկեշտ խոսելու համար: Նրա հեռախոսները վերցրել, ասել է, թե չի վերադարձնի, մինչև չպարզի՝ նա ինչ էր անում այդ վայրում: Տուժողը հեռախոսները թողել ու գնացել է, իսկ ինքը դրանք նրա աչքի առաջ գցել է ձորը: Նրանից գումար չի հափշտակել, հեռախոսներն էլ չի հափշտակել, դեն է նետել… Գևորգյանը պնդել է, թե Հայկ Խանգելդյանն այդ ժամանակ իր հետ չի եղել: Ինքը մենակ է եղել ու՝ ալկոհոլի ազդեցության տակ: Գևորգյանը նշել է, թե որպես կոտրված հեռախոսների փոխհատուցում՝ տուժողի համար երկու հեռախոս է գնել, ինչպես նաև բժշկական ծախսերի հատուցման նպատակով նրան է տվել 200 հազար դրամ, ինչի վերաբերյալ ներկայացրել է դատաքննության ժամանակ արդեն հանգուցյալ Սամվել Հ.-ի կնոջ կողմից տրված դիմումները՝ գույքային պահանջ չունենալու վերաբերյալ:

Նախաքննական ցուցմունքում Գևորգյանը հայտնել էր, թե ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը կատարել է Հայկի հետ: Դատարանում Գևորգյանը պնդել է, թե իրականությունը հայտնում է դատարանում:

Տուժող Ստեփան Ի.-ն հայտնել է, թե 2018 թվականի հունվարի լույս 4-ին, կեսգիշերից հետո «Փակ շուկայի» մոտ գտնվող գետնանցում է մտել, որ անցնի հանդիպակաց մայթ: Իրեն են մոտեցել 3 հոգի, որոնց թվում էին Հայկ Խանգելդյանն ու Հարություն Սագիյանը: Հայկը առաջինն է եկել իր կողմ, բռնել է ուսից, իրեն հենել է այնտեղ գտնվող ճաղերին ու հարցրել է՝ ի՞նքն է մոտեցել երկու աղջիկների: Այդ ընթացքում Հարություն Սագիյանը հեռախոսով իրականում կամ շինծու՝ խոսում էր ինչ-որ աղջիկների հետ՝ իբր պարզաբանելով՝ ի՞նքն է նրանց նեղացրել: Ինքն ասել է, թե ոչ մի աղջկա չի մոտեցել: Փորձել է փախչել, բայց Հայկը բռնել է իր ուսապարկից, թույլ չի տվել: Հայկը կանգնած էր իր դիմաց, անծանոթ անձը՝ ձախ կողմում, իսկ Հարություն Սագիյանը՝ աջ կողմում:

Ինքը բարձր է խոսել, Սագիյանը պահանջել է, որ ցածր խոսի: Այդ պահին Հայկը հանել է դանակը, պահել է իր որովայնի մոտ, որ ինքը չփախչի: Երրորդ անձը վերցրել է իր պայուսակը, ինչ-որ բան է փնտրել, հետո պայուսակը փոխանցել է Սագիյանին: Վերջինս վերցրել է իրեն պետքական իրերը, մնացածը թափել է գետնին: Հարությունն ու Հայկը իր գրպաններն են ստուգել, հանել են հեռախոսներն ու գումարը: Հետո նրանք հեռացել են…

Այս գործի դատաքննության ժամանակ տուժող Սամվել Հ.-ն մահացած էր, դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը, որում նա պնդել է, թե դեպքի պահին Հրազդանի կիրճով գնում էր դեպի Սուրբ Սարգիս տանող ճանապարհը, որ տուն գնա: Ծառերի մոտ իրեն են մոտեցել երկու երիտասարդ:

Հետագայում անձին ճանաչման ներկայացնելու գործողության ժամանակ տուժողը ճանաչել է Հայկ Խանգելդյանին ու Գրիգոր Գևորգյանին՝ որպես իր գույքը բացահայտ հափշտակողների… Ըստ տուժողի՝ նրանք սկզբում իրենից ծխախոտ են ուզել, հետո ներկայացել են որպես անվտանգության աշխատողներ, իսկ երբ ինքը փաստաթուղթ է պահանջել, ոչինչ ցույց չեն տվել: Նրանք վիրավորել են իրեն, միմյանց դիմել են այլ անուններով, իրեն ծեծել են՝ հարվածներ հասցնելով իր քթի ու բերանի հատվածին, ինչից կոտրվել է իր ստորին ծնոտի պրոթեզը, պատռվել է շրթունքը: Նրանք հարվածել են նաև իր ոտնաթաթերին, վայր են գցել… Հափշտակել են իր հեռախոսներն ու գումարը և հեռացել են: Ինքը վատ է զգացել, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն…

Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալներին մեղսագրված արարքները:

Հայկ Խանգելդյանը մեղավոր է ճանաչվել կողոպուտի և ավազակային հարձակման համար, վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Այս պատժին լրիվ գումարվել է նախորդ դատավճռով սահմանված պատիժը՝ 300 հազար դրամ տուգանքը, վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի ազատազրկում և տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հունվարի 4-ից:

Հարություն Սագիյանը մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար, դատապարտվել է 7 տարի ազատազրկման, այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով սահմանված պատժի չկրած մասից 3 ամիս ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի 3 ամիս ազատազրկում: Պատժի սկիզբը՝ 2018 թվականի հունվարի 4-ից:

Գրիգոր Գևորգյանը մեղավոր է ճանաչվել կողոպուտի համար, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Հայկ Խանգելդյանից ու Հարություն Սագիյանից համապարտության կարգով հօգուտ տուժող Ստեփան Ի.-ի կբռնագանձվի 137 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցում: