ԵԱՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել

- in Տնտեսական
Mikayel Melkumyan

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մենք պետք է լրջորեն արձանագրենք, որ առայժմ միասնական շուկաները չեն կայացել:

Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ կան պայմանավորվածություններ, թե այդ շուկաներն ինչպես պետք է ձևավորվեն, բայց ցավոք այդ գործընթացը դանդաղ է ընթանում: Նա թվարկեց այն խնդիրները, որոնք պետք է բարձրացնել ԵՏՄ համագործակցության շրջանակներում:

«Գազի գնումն արդեն բորսայական ապրանք է լինելու ինչ-որ ժամանակ անց: Մենք պետք է հստակ մեր հանրությանը տեղեկացնենք, թե դա սահմանի վրա գազի գնի վրա ինչ ազդեցություն է ունենալու: Գիտենք, որ մեր կառավարության ղեկավարությունն անընդհատ բանակցություններ է ունենում գազի գնի շուրջ, այսինքն՝ մենք արձանագրում ենք, որ այստեղ անելիքները դեռևս կան»,- ասաց նա:

Երկրորդ, ըստ Մելքումյանի, եթե մենք միասնական շուկա ենք, ուրեմն պետք է լինի նաև ներդրումների, արդյունաբերության զարագացման հետ կապված միասնական շուկա:

«Մենք պետք է հասկանանք` ԵՏՄ մյուս երկրներում ինչ հարաբերական առավելություն ունենք: Եթե այդ առավելությունները չունենք, պետք է մեր օրենսդրությունը բարեփոխենք, որպեսզի ներդրումները գան Հայաստան, ներդրումային միջավայրը փոխվի: Մի միտք է թևածում, դա այն է, որ ԵՏՄ երկրներից ներդրումներ չպետք է սպասենք Հայաստանում: Ավելի շատ այլ երկրներից սպասենք, որ ԵՏՄ շուկան 180 միլիոնանոց իրացման շուկա է միայն: Կտրուկ համաձայն չեմ այդ մտքի հետ, այն մասով, թե իբր ԵՏՄ-ից չեն կարող ներդրումներ գալ Հայաստան: Այս խնդիրը մենք բարձր մակարդակով պետք է քննարկենք, թե ինչ ուղիներ կան համատեղ բիզնես անելու և այդ ներդրոմները դեպի ՀՀ ապահովելու համար»,-ասաց նա:

Հաջորդը, Մելքումյանի խոսքով, միասնական ֆինանսական շուկայի հարցն է: Կարո՞ղ են ՀՀ ռեզիդենտները Ռուսաստանի Դաշնության և մյուս երկրների բանկերից վերցնել վարկեր և այդ վարկերով բիզնես անել, և հակառակը՝ մյուս երկրներից մեր երկրում վարկ վերցնեն: «Այսինքն՝ միասնական ֆինանսական շուկա պետք է ձևավորվի: Լավ չէ, որ մենք գազի դիմաց դոլարով ենք վճարում: Լավ կլինի, որ մենք ամեն երկրի վճարենք իր արժույթով»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը նաև հավելեց, որ ի վերջո պետք է իմանալ, թե ի՞նչ է լինելու «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին տրված գույքի, օրինակ, Մարս գործարանի ճակատագիրը, և այլն:

Spread the love