eshelon ishxanutyun

Հայաստանի շուրջ զարգացումներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: ԱՄՆ-Իրան ռազմական բախումը փաստորեն կանխվեց վերջին պահին, բայց իրավիճակն աստիճանաբար լրջանում է, Վրաստանում կրքերը չեն հանդարտվում, ու դա կարող է որոշակի բարդություններ ստեղծել մեզ համար, շփման գծում լարվածությունը չի թուլանում, եւ այլն:

Հայաստանի իշխանությունները, բնականաբար, արձանագրում են այս ամենը եւ փորձում ցանկացած իրավիճակի համար լուծումներ գտնել: Նախօրեին, օրինակ, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում հենց այս հարցերն էլ քննարկվել են:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում ներքաղաքական դաշտում: Արտաքին քաղաքական լարվածության ֆոնին ընդդիմությունը, բնականաբար, ակտիվացել է ու իշխանություններին մեղադրում է ինչի մեջ ասես. է՛լ բռնապետության հաստատում, է՛լ քաղաքական հետապնդումներ, է՛լ Արցախի դեմ դավադրություն, է՛լ երկրի ղեկավարումն «օտարերկրյա լրտեսներին» հանձնել… Ու այդ ամենը ներկայացվում է այսպես՝ իբր պատերազմը քթներիս տակ է, իսկ իշխանությունները բացառապես կուսակցական մանր-մունր հարցերով են զբաղված: Մի խոսքով՝ «երկիրը թողել են անտեր ու նստած՝ թիթեռ են նկարում»:

Փորձենք հասկանալ: Իսկապե՞ս վտանգն այդքան լուրջ է, եւ կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի շեմին: Տարբերակներն ընդամենը երկուսն են: Առաջին՝ այո, պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, եւ ՀՀԿ-ն ու ընդդիմադիր մյուս ուժերը (եթե, իհարկե, կարելի է ընդդիմություն անվանել անհասկանալի-ագրեսիվ սադրիչների խմբերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները) գիտակցում են դա՝ ի տարբերություն իշխանությունների (ինչպես իրենք են պնդում): Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ պատերազմի նախաշեմին սրանք հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են վարկաբեկել գերագույն-գլխավոր հրամանատարին, հասարակության մեջ անվստահություն սերմանել նրա նկատմամբ, նրան անվանում են «դրսից ղեկավարվող» ու «հող հանձնող», փորձում են փչացնել մեր հարաբերությունները կարեւորագույն ռազմավարական դաշնակցի հետ եւ այլն:

Եթե առջեւում իսկապես մեծ պատերազմ է, ապա հիբրիդային պատերազմի բոլոր կանոններով՝ ռազմական գործողություններից առաջ հենց ադրբեջանցիները պիտի մեր հասարակության մեջ նման կասկածներ սերմանեին սեփական իշխանությունների նկատմամբ, ու հարց է ծագում՝ ինչո՞ւ են դրանով զբաղվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Որպեսզի Հայաստանն ու Արցախը պարտվեն, ու իրենք դժգոհության ալիքի վրա վերադարձնե՞ն իշխանությունը (ինչպես 1993-ին Ալիեւն Ադրբեջանում վերադարձրեց իշխանությունը՝ 7 շրջանների կորստից հետո): Եթե այդպես է, ապա գործ ունենք սովորական դավաճանության հետ, եւ հասարակությունը պիտի հստակ գնահատական տա այդ վարքագծին:

Տարբերակ երկրորդ՝ իրականում պատերազմի վերսկսման հավանականությունն ավելի մեծ չէ, քան, ասենք, մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ: Այս դեպքում էլ ստացվում է, որ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն արհեստականորեն խուճապ են առաջացնում երկրում, հասարակական գիտակցության մեջ անպաշտպանվածության զգացում են ներարկում, այդ ամենն իր հերթին անդրադառնում է տնտեսական ակտիվության ու ներդրումային միջավայրի վրա, եւ այլն: Համաձայնվեք՝ սա նույնպես ծանր հարված է պետությանը, եւ կարելի է չկասկածել, որ ընդդիմությունը գիտակցաբար է անում դա: Նրանց երեւի թվում է, որ եթե իշխանությունները ձախողվեն, ժողովուրդն իրենց է վերադարձնելու իշխանության կամ առնվազն սուսուփուս հանդուրժելու է, եթե իրենց հաջողվի հեղաշրջումով-բանով հեռացնել նորերին:

Մի խոսքով՝ մինչ իշխանություններն արտաքին նորահայտ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ են գտնում, նախկինները փորձում են այդ նույն մարտահրավերներն օգտագործել ընդդեմ իշխանությունների ու մեծ հաշվով՝ ընդդեմ Հայաստանի: Մինչդեռ այդ մարտահրավերներից շատերն ընդհանրապես չէին լինի կամ շատ ավելի հեշտ հաղթահարելի կլինեին, եթե 20 տարի շարունակ իրենք պետություն ղեկավարելու փոխարեն զբաղված չլինեին անձնական հարստություն կուտակելով: Ու եթե նրանց թվում է, թե մարդիկ մոռացել են դա, չարաչար սխալվում են:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...