Ես շոկի մեջ էի. ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող հայը տեսաուղերձ է հղել

Cuyc

Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Օհանյանը հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։

Նշենք, որ նրան կասկածում են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինին սպանելու մեջ: Այս մասին հաղորդում է Вести-ն:

Օհանյանը ասել է, որ ինքը ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի գտնվել Հայաստանում։ Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի իրավապահները Երևանում արդեն գնացել են իր ծնողների տուն և փորձել պարզել իր գտնվելու վայրը։

Նա պնդում է, որ ինքնակամ ներկայացել է Ռուսաստանի Քննչական կոմիտե և հաղորդել, որ սպանության օրը ինքը հեռու է գտնվել այն բարից, որտեղ տեղի է ունեցել Բելյանկինի սպանությունը։

«Ես այսօր և երեկ երեկոյան եղել եմ ՌԴ Քննչական կոմիտեում։ Քննչական կոմիտեում ինձ ասել են, որ բոլորին բռնել են, ամեն ինչ նորմալ է, դա ոչ մի կերպ չի վերաբերում ինձ։ Ես ինքս շոկի մեջ էի։ Ես այդ օրը ընկերոջս տղայի 20-ամյակին էի մասնակցում, մեծ միջոցառում էր»,- ասել է տղամարդը։

Հրապարակումները, որոնցում նրան «մարդասպան» են անվանել, Օհանյանին ուղարկել են ընկերները։ Սկզբում Օհանյանն այդ ամենն անհեթեթ կատակ է համարել, սակայն երբ սկսել են զանգել բոլոր ծանոթներն ու ընկերները, անհանգստացել է։

«Ես շոկի մեջ էի և իսկույն գնացի Քննչական կոմիտե։ Դատի եմ տալու բոլոր հեռուստաալիքներին, որոնք ինձ ներկայացրել են որպես մարդասպան։ Դա մեծ բարոյական վնաս է, ամբողջ աշխարհն ինձ տեսել է որպես մարդասպան, չգիտեմ` ինչու»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...