Երևանում աղջիկը փեսացուի հետ ավազակային հարձակում էր կատարել նախկին սիրածի տատիկի տան վրա ու դաժանաբար սպանել վերջինիս

- in Իրավունք

1981 թ. օգոստոսին Երևանի Ազատության պողոտայի հինգհարկանի շենքերից մեկի չորրորդ հարկում գտնվող իր բնակարանում դաժանաբար սպանվել էր տարեց տանտիրուհին: Նրա դուստրն ու թոռը այդ օրերին մեկնել էին ծովափ՝ գտնվում էին Գագրայում: Տարեց կինը տանը մենակ էր:

Սպանության մասին հայտնի էր դարձել դեպքի հաջորդ օրը, երբ հարևանուհին սովորության համաձայն թակել էր դուռը, որ հարցնի՝ պե՞տք է հաց ու կաթ գնել: Ի զարմանս սրտացավ հարևանուհու՝ ներսից պատասխան չէր եղել: Ո՞ւր կարող էր գնալ տարեց կինը, չէ՞ որ նա հիմնականում տանն էր լինում: Երկու-երեք ժամ անց հարևանուհին դարձյալ թակել էր դուռը: Նորից արձագանք չէր եղել: Միայն այս անգամ էր հարևանուհին նկատել, որ մուտքի դուռը ներսից փակ չէ: Նա հրել-բացել էր դուռը և սարսափից քարացել էր՝ տեսնելով արյան լճակի մեջ ընկած հարևանուհու դիակը…

Տարեց կնոջը սպանել էին դաժանաբար՝ նրա գլխին ու մարմնի այլ հատվածներում բազմաթիվ վնասվածքներ կային, իսկ բերանի մեջ սրբիչ էր մտցված: Տունն առերևույթ տակնուվրա արված չէր: Քանի դեռ տուժողի դուստրն ու թոռը Երևանում չէին, պարզ չէր՝ այդ բնակարանից ինչ-որ բան հափշտակվե՞լ է:

Այնուամենայնիվ, հարևանների շրջանում կատարված հարցուփորձը իրավապահների համար պարզել էր մի շատ կարևոր հանգամանք: Երրորդ հարկի հարևաններից մեկը ուշ երեկոյան չորրորդ հարկից ճիչեր էր լսել ու դուրս էր եկել աստիճանահարթակ:

Այդ պահին տեսել էր աստիճաններով արագ-արագ իջնող մի գեղեցիկ աղջկա: Հարցրել էր՝ ի՞նչ գոռգոռոց է չորրորդ հարկում: Աղջիկը պատասխանել էր, թե չգիտի, ինքը հինգերորդ հարկից է իջնում…

Հարևանը այդ աղջկա մասին խոսելիս մտաբերել էր, որ նա բավական գեղեցիկ էր, շատ անհանգիստ ու շփոթված, և ինքը նրան նախկինում չէր տեսել…

Հարևանի նկարագրության հիման վրա կազմվեց աղջկա ֆոտոռոբոտը՝ բարձրահասակ, կապուտաչյա, երկար, խարտյաշ մազերով աղջիկ էր: Երբ իրավապահները հետաքրքրվեցին հինգերորդ հարկի բնակիչներից, թե ում տանից էր իջնում աղջիկը, պարզվեց, որ հինգերորդ հարկի որևէ բնակչի տանը այդ աղջիկը դեպքի օրը չէր եղել… Հարևաններից որևէ մեկը աղջկան չէր ճանաչել: Խորհրդավոր գեղեցկուհու հետքը գտնելը կարող էր հանգեցնել սպանության բացահայտմանը՝ սա իրավապահների վարկածներից մեկն էր:

Դիակի հայտնաբերման հաջորդ օրը Երևան էր վերադարձել սպանվածի աղջիկը: Նրա որդին՝ Աշոտը, պարզվել էր՝ մոր հետ Գագրայում չէր եղել, մորը տարել էր Գագրա, իսկ ինքը մեկնել էր Յալթա…

Սպանվածի դուստրը իրավապահներին տեղեկացրել էր, որ իրենց տնից կատարվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն՝ 13 հազար ռուբլու 3 տոկոսանոց փոխառության պարտատոմսեր, մոտ 2 հազար ռուբլի և 36 հազար ռուբլի արժողության ոսկե զարդեր: Քանի որ տունը տակնուվրա արված չէր, պարզ էր արդեն, որ հափշտակություն կատարողը տեղյակ էր, թե այդ տանը որտեղ են պահվում ոսկե զարդերն ու գումարները:

Սպանվածի դուստրը նույնպես չէր ճանաչել ֆոտոռոբոտի աղջկան: Այդ պահին կասկածյալների թվում էր նաև սպանվածի թոռը, որն ըստ մոր հայտնած տեղեկության՝ Գագրայից մեկնել էր Յալթա: Միգուցե Յալթայի փոխարեն Երևա՞ն էր եկել… Բայց ինչո՞ւ պիտի նա տատիկին դաժանաբար սպանելով հափշտակեր իր տան հարստությունը, եթե այն, միևնույն է, իրեն էր պատկանում…

Մեկ օր անց Յալթայից Երևան էր վերադարձել սպանվածի թոռը՝ Աշոտը: Նա հիմնավորել էր, որ ամբողջ ժամանակ գտնվել էր Յալթայում: Երբ նրան ցույց էին տվել անծանոթ աղջկա ֆոտոռոբոտը, նա երկար նայել ու հետո միայն ասել էր, թե չի ճանաչում:

Հետո երիտասարդը պարզաբանել էր ֆոտոռոբոտին երկար նայելու հանգամանքը՝ մտածել էր՝ նա՞ է, նա՞ չի՝ խոսքը ուսանողական տարիներին սիրած աղջկա՝ Ալլայի մասին էր: Սովորել էին պոլիտեխնիկի նույն կուրսում: Առաջին կուրսից մտերմացել էին:

Ալլան երբեմն եղել էր Աշոտենց տանը, մասնավորապես, ըստ Աշոտի, տատիկը Ալլային շատ լավ էր վերաբերվում ու միշտ ջերմությամբ էր ընդունում:

Ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտի ու Ալլայի սիրավեպը նույնպես ավարտվել էր: Բաժանվել էին հանգիստ, ամեն մեկը գնացել էր իր ճամփով: Աշոտին հայտնի էր, որ Ալլան փեսացու ունի…

Ալլայի մայրը իրավապահներին հայտնել էր, թե դուստրը փեսացուի հետ երկու օր առաջ մեկնել է Թբիլիսի: Այնտեղից էլ պիտի մեկնեին Ռոստով:

Ալլային հայտնաբերել էին Թբիլիսիում: Փեսացուի հետ նա վերադարձվել էր Երևան: Իրավապահների առաջ կանգնել էր ո՛չ ֆոտոռոբոտի աղջիկը՝ այս Ալլան կարճ, տղայական սանրվածքով, սեփ-սև մազերով էր, բայց աչքերը կապույտ էին, հասակն էլ բարձր էր՝ ինչպես նկարագրության մեջ էր ասված…

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Ալլան խոստովանել էր իր ու փեսացուի մասնակցությունը դաժան սպանությանը:

Աշոտենց տանը հյուրընկալվելու ընթացքում Ալլան, լինելով ուշադիր ու աչքաբաց, ոչ միայն իր համար պարզել էր, որ այդ ընտանիքը բավական ունևոր է, այլ նաև նկատել էր, թե որտեղ են պահվում փողն ու ոսկե զարդերը: Նախկին սիրածի ընտանիքի հարստության մասին Ալլան պատմել էր նոր փեսացուին ու նրա ընկերոջը: Վերջիններս էլ պատմել էին իրենց երրորդ ընկերոջը՝ նախկինում գողության համար դատապարտված Հարություն Գ.-ին:

Կազմել էին Աշոտենց բնակարանը թալանելու ծրագիրը: Ալլան ճշտել էր, որ Աշոտն ու մայրը մեկնել էին ծովափ, տատիկը մնացել էր մենակ: Նա գիտեր նաև, որ տատիկը անծանոթների համար բնակարանի դուռը չէր բացում: Երիտասարդները Ալլային էլ էին ներգրավել, որպեսզի տատիկը հանգիստ բացեր դուռը, ու ներս մտնեին անաղմուկ:

Դեպքի օրը Ալլայի փեսացուն ու ընկերը սպասել էին ներքևում, իսկ Ալլան ու Հարություն Գ.-ն բարձրացել էին չորրորդ հարկ: Ալլան ներկայացել ու ասել էր, թե բնակարանի փոխանակման հարցով է եկել, Աշոտից իմացել է, որ ուզում են բնակարանը փոխանակել…

Տատիկը սիրով բացել էր դուռը: Ալլան Հարությունին ներկայացրել էր որպես իր եղբոր:

Մինչ Ալլան տատիկին հարցուփորձ կաներ առողջությունից, Հարությունը, հարմար պահ ընտրելով, իր մոտ եղած մետաղե փոքրիկ լինգով հարվածել էր տատիկի գլխին: Տարեց կինը սկսել էր գոռալ, այդ գոռոցներն էր լսել երրորդ հարկի հարևանը:

Հարությունը լոգասենյակից սրբիչ էր վերցրել, մտցրել զոհի բերանը ու շարունակել էր հարվածներ հասցնել զոհին, իսկ Ալլան, տեսածից այլայլված՝ դուրս էր վազել բնակարանից, որպեսզի ներքևում գտնվող երկու երիտասարդները բարձրանան ու ավարտին հասցնեն հանցագործությունը:

Աստիճաններով ներքև սլացող Ալլային տեսել էր աստիճանահարթակ դուրս եկած հարևանն ու հարցրել էր՝ ի՞նչ գոռոց էր չորրորդ հարկում: «Չգիտեմ, ես հինգերորդ հարկից եմ իջնում»,- պատասխանել էր անծանոթուհին ու սլացել էր ցած: Երբ հարևանը, այլևս ձայներ չլսելով, մտել էր իր բնակարան, չորրորդ հարկ՝ տուժողի բնակարան էին բարձրացել Ալլայի փեսացուն ու նրա ընկերը: Ալլայի տված տեղեկությունների համաձայն՝ նրանք արագ գտել էին բնակարում եղած գումարներն ու ոսկեղենը և սպանված տանտիրուհուն թողնելով արյան լճակի մեջ, չփակելով մուտքի դուռը, հեռացել էին…

Քանի որ Ալլային դեպքի վայրում տեսել, հետը խոսել էր հարևանը, որոշել էին, որ լավ կլինի՝ նա փոխի արտաքինն ու Երևանից որոշ ժամանակով հեռանա: Ահա թե ինչու էր նա կտրել-ներկել մազերն ու փեսացուի հետ ուղևորության էր մեկնել, բայց ուղևորությունը շուտով ավարտվել էր…

երևանյան կալանավայրում…

Շահադիտական դրդումներով սպանության և ավազակային հարձակման համար չորսն էլ մեղավոր էին ճանաչվել ու դատապարտվել տևական ազատազրկման: