Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և դիզայներ Անուկի Արեշիձեն պսակադրվել են – Լուսանկարներ

- in Հասարակություն

29-ամյա Անուկի Արեշիձեն և 41-ամյա Կախա Կալաձեն պսակադրվել են ամուսնությունից 6 տարի անց: Այս մասին հաղորդում է վրացական HELLO!-ն:

Հայտնի է, որ նախքան պսակադրության արարողությունը Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մկրտել է զույգի երեխաներից երկուսին: Կախան եկեղեցում եղել է մոխրագույն կոստյումով, իսկ Անուկին՝ սեփական դիզայնի բաց ուսերով, մեջքին մեծ բանտով, երկարափեշ սպիտակ զգեստով:

Պսակադրության արարողության ավարտից հետո զույգն ուղևորվել է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ցինանդալի գյուղում տեղակայված Radisson Collection Hotel 5-աստղանի հյուրանոցի ռեստորան: Այստեղ բացօթյա բանկետ է կազմակերպվել՝ հեքիաթային ծաղկային դեկորացիաների միջավայրում: Հյուրերի թվում են եղել բասկետբոլիստ և NBA-ի խաղացող Զազա Պաչուլիան իր կնոջ՝ Թիկա Ավիլաձեի հետ, «More is Love» բուտիկի հիմնադիր Նինո Էլիավան, ֆուտբոլիստ Զուրաբ Խիզանիշվիլին կնոջ՝ մոդել Սալոմե Գվինիաշվիլիի հետ և այլոք:

Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի պոստը զբաղեցնում է 2017 թ.-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ եղել է էներգետիկայի նախարարը: Կալաձեն նախկին ֆուտբոլիստ է. նա հանդես է եկել իտալական «Միլան» ակումբում որպես պաշտպան, և այդ թիմի կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Կալաձեն նման արդյունքով վրացի միակ ֆուտբոլիստն է:

Արեշիձեն հայտնի վրացի դիզայներ է, Anouki հագուստի ապրանքանիշի հիմնադիրը, որի հավաքածուները ներկայացվել են Կիևում, Թբիլիսիում, Փարիզում և Միլանում անցկացվող նորաձևության շաբաթների ժամանակ:

Կալաձեն և Արեշիձեն ամուսնացած են 2013 թ.-ից և չորս որդի ունեն՝ Լևանը, Կախաբերը, Վաչեն և Նիկոլան: