Թե՞ կառավարությունից տեղյակ էր միայն վարչապետ Սերժ Սարգսյանը

- in Հրապարակ
Serj Robert

Հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ կարծես թե որևէ կերպ չի արձագանքել օրերս «Հայկական Ժամանակ» թերթի հրապարակած տեղեկությանը, որը վերաբերում էր Մարտի 1-ի առնչությամբ առկա «օտարալեզու» հանձնարարականին:

Ըստ թերթի՝ դրանում հստակ գրված է եղել, թե ինչ գործողություններ պետք է անի իշխանությունը ընդդիմության ու հանրության դեմ: Հրապարակված տեղեկության մեջ նշվում էր, թե հայտնի չէ՝ փաստաթուղթը գործին կցվա՞ծ է, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ նշվում էր, որ այդ օրերին Երևանում են եղել այլ պետության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներ և գաղտնի տեղակայվել են կառավարության նիստերի դահլիճում:

Հրապարակվածը մի տեղեկություն է, որը գործնականում պետք է տակնուվրա աներ մարտիմեկյան գործը ամբողջությամբ, որովհետև խոսքը փաստորեն օտար միջամտության մասին է: Ընդ որում, այստեղ հետաքրքիր է ոչ միայն ՀՔԾ արձագանքը՝ որպես գործը քննող մարմին, որն, ի դեպ, փաստորեն առաջին ձերբակալությունն ու մեղադրանքն է առաջադրել մարտիմեկյան տասը սպանությունների մասով:

Հետաքրքիր է նաև, թե հրապարակված տեղեկատվության առումով ինչպիսի դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը՝ մարտիմեկյան գործով մեծ հաշվով գլխավոր կամ հիմնական մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձը: Նրա դիրքորոշումը հատկանշական է առավել ևս այն տեսանկյունից, որ թե՛ Քոչարյանը, թե՛ նրա որդին հայտարարում են, որ զոհերից հետո իրենք են ամենից շատ տուժել, քանի որ բոլոր մեղքերը վերագրվել են իրենց, և դրա վրա շատերն են շահարկումներ արել: Հետևաբար մարտիմեկյան գործի, այսպես ասած, ցանկացած «թել», որից հնարավոր է բռնվել, կարևոր պետք է լինի Ռոբերտ Քոչարյանի համար՝ մեղադրանքներից պաշտպանվելու տեսանկյունից: Իսկ մեծ հաշվով սենսացիոն նշանակություն ունեցող հրապարակումը, որը պաշտոնապես չի հաստատվել, բայց փաստորեն մինչև հիմա չի էլ հերքվել, պետք է որ լինի այդպիսին:

Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է մտածում հրապարակված տեղեկության մասին: Օրինակ՝ 0038 հրամանի մասին նա ասում է, որ տեղյակ չի եղել: Ասում է, որ դա անօրինական հրաման չէ, բայց համենայնդեպս ասում է, որ տեղյակ էլ չէ: Ասում է նաև, որ տեղյակ չի եղել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանական հատուկ գործողության մասին: Մինչդեռ իրադարձությունների ողբերգական ընթացքը սկսվեց հենց այդտեղից՝ խաղաղ ցույցը Երևանի կենտրոնում արտակարգ իրադրության վերածելով:

Իսկ Հայաստանում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների գտնվելու մասին Ռոբերտ Քոչարյանը տեղյա՞կ էր: Տեղյա՞կ էր, որ նրանք եղել են կառավարության նիստերի դահլիճում: Թե՞ կառավարությունից տեղյակ էր միայն վարչապետ Սերժ Սարգսյանը: Իսկ օտարալեզու փաստացի հանձնարարականի մասին երկրորդ նախագահը մարտի 1-ի օրերին տեղյա՞կ էր: Եթե ոչ, ապա թերևս հենց նա պետք է ամենից շահագրգռվածը լինի այդ փաստաթղթի և ընդհանրապես օտար հատուկ ծառայությունների ներկայության հանգամանքը պարզելու, հաստատելու կամ հերքելու հարցում, որովհետև տեսականում կարող է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանն էլ եղել է դավադրության զոհ:

Ի դեպ, հունիսի 13-ին ՌԴ դեսպանի հետ տետ ա տետ հանդիպումը, որի բովանդակությունն իհարկե անհայտ է, դրանից շատ կարճ ժամանակ առաջ հրապարակված այդ տեղեկատվության հանդեպ նրա հետաքրքրությունը ավելացրե՞լ է, թե՞ նվազեցրել: