Serj Robert

Վերաքննիչ քրեական դատարանը չեղարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի:

Միաժամանակ, դատարանը որոշել է, որ պետք է հետ կանչվի նաև գործը Սահմանադրական դատարանից, որտեղ այն ուղարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը: Այդպիսով, մի քանի շաբաթ ազատությունից հետո երկրորդ նախագահը դարձյալ կալանավորվում է, կամ, այսպես ասած, գործը վերադառնում է ելման դիրք: Սակայն ելման դիրքն այս իմաստով, իհարկե, պայմանական է, քանի որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո՝ մինչ նրա նոր կալանավորումը, տեղի են ունեցել հիմնարար նշանակության գործընթացներ:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո տեղի ունեցավ դատաիրավական ռեֆորմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում նաև Փաշինյանը արեց մեկ այլ հիմնարար հայտարարություն՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դավադիր պատերազմի վտանգի, իսկ դրան զուգահեռ նաև խոսեց Արցախի նախագահի ընտրության գործընթացի մասին՝ արցախցիներին կոչ անելով քվեարկել այն թեկնածուի օգտին, որը դիրքավորվում է Հայաստանի իշխանության և Հայաստանի փոփոխությունների հանդեպ դրական դիրքերում: Դատաիրավական շոկային թերապիայի նախաձեռնումից հետո տեղի ունեցավ շոկի շարունակությունը Սահմանադրական դատարանի ուղղությամբ, որն ընդհուպ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումը մնաց շոկային զարգացման տրամաբանության մեջ, Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարության համատեքստում: Այդպիսով ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը դարձավ Հայաստանում ներքաղաքական բավականին արագ և խորքային գործընթացների կատալիզատոր, ինչի մասին մենք առիթ ենք ունեցել գրել այդ զարգացումներին զուգահեռ: Եվ, եթե հանրագումարի բերելով արձանագրենք նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ Վերաքննիչ դատարանում քննության ընթացքը մի քանի օր առաջ դատավոր Արմեն Դանիելյանը կտրուկ ընդհատել էր և անցել խորհրդակցական սենյակ, որտեղ կայացրած որոշումը հրապարակեց այսօր, ապա, կարծես թե, բավականին ակնառու է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով սկսվեց մի քաղաքական ակտիվ փուլ, որի ավարտն էլ կտրուկ կանխորոշեց Վերաքննիչում գործի ընթացքն, ու դատարանի վճիռը փաստորեն ազդարարեց այդ փուլի ավարտը:

Այդ ընթացքում, իհարկե, տեղի է ունեցել նաև ՌԴ դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, դրանից հետո Հայաստանի ԱԳՆ աննախադեպ դիտողությունը դեսպանին, և դրանից հետո էլ դեսպանի հանդիպումը Հրայր Թովմասյանի հետ, որին մի քանի ժամ անց էլ հաջորդել էր Վահե Գրիգորյանի աղմկոտ հայտարարությունը:

Ի՞նչ փուլ է սկսվել և ավարտվել Ռոբերտ Քոչարյանի «ազատությամբ ու կալանքով», ի՞նչ հանգույց է քանդվել, կամ հյուսվել՝ թերևս հնարավոր կլինի առավել ճշգրիտ գնահատել որոշակի ժամանակահատված հետո: Եվ ի՞նչ փուլ է մտնում Հայաստանը դատարանի ներկայիս որոշումով: Արդյոք դա մարտիմեկյան գործի արդեն դատաքննությա՞ն փուլն է, որը, խոշոր հաշվով, լինելու է Հայաստանի նախորդ համակարգի դատավարությունը: Ի դեպ հատկանշական է, որ այս ընթացքում նաև հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ կա Մարտի 1-ի ուժային գործողությունների վերաբերյալ օտարալեզու հանձնարարական և տեղեկություն, որ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում են եղել օտարերկրյա ուժային ինստրուկտորներ, գաղտնի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...