«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է չմշակել վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ

- in Կարծիք

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է վեթթինգի մասին առանձին օրենքի նախագիծ չմշակել: Այս մասին հունիսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մտադիր էինք վեթթինգի մասին առանձին օրենք ունենալ, բայց այս պահին մենք գերադասել ենք վեթթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով: Այն, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի և Հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար, բայց այս պահին նման քննարկում չկա, որ դա կլինի առանձին նախագիծ»,- ասաց Մակունցը:

Ինձ ուղղված նամակ չկա եւ ոչ էլ «Իմ քայլը» խմբակցությանը, այդ պատճառով այս հարցի հասցեատերը ես չեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ԱԺ-ին, կառավարությանը, ՀՀ նախագահին եւ Դատավորների ընդհանուր ժողովին ուղղված նամակին։

Հարցին, թե արդյոք Մակունցը ՍԴ-ում ճգնաժամի առկայություն տեսնո՞ւմ է, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ՍԴ ճգնաժամի առկայության վերաբերյալ հիմք է ընդունում Վահե Գրիվգորյանի հայտարարությունը․

«Իրականում, այն անհասկանալի իրավիճակը, որը կա այս պահին, կարող ենք մեկնաբանել կամ որպես բացթողման արդյունք․ կամ վրիպակի արդյունք, կամ այլ մեկնաբանություն կարող ենք տալ: Այո՛, հիմք է տալիս մտածելու, որ այս պահին ճգնաժամ կա»,- հավելեց Մակունցը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն Է այդ վրիպակը, Մակունցն ասաց, որ խոսքը 213-րդ հոդվածի մասին է․ «Նամակն ուղղվել է առանձին սահմանադրական մարմինների, Ազգային ժողովի: Նամակի բովանդակությանը դեռ կծանոթանանք եւ դրանից հետո կխոսենք լուծումների մասին»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ «Իմ քայլը» հայտարարե՞լ է, որ համաձայն է Վահե Գրիգորյանի այն հայտարարության հետ, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, Մակունցը պատասխանեց. «Ով է ասել, պաշտոնապես նման հայտարարություն չի եղել: Ես, որպես առանձին պատգամավոր, Վահե Գրիգորյանի հայտարարությունն ընդունում եմ այնպես, ինչպես նա ասել է, որպես ՍԴ դատավոր, եւ նրա խոսքը ինձ համար հիմք է»: