Ազգային ժողովի այսօրվա նիստում Իմ քայը խմբակցության պատգամավորները ամոթանք տվեցին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Էդմոն Մարուքյանը ՀՀ կառավարությանն ու Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը կոչ էր քայլեր ձեռնարկել Գյումրիի օդանավակայանում ռուսական չվերթների թվի ավելացման ուղղությամբ՝ հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերությունների լարումը: Նա իր ելույթում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանին անվանել էր «սիրուն աղջիկ»:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր ԱԺ նիստում ասաց. «Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Մարուքյանի՝ Գյումրիում ռուսական չվերթների ավելացման վերաբերյալ կոչին: Նա կոչով էր հանդես եկել՝ դիմելով, մեջբերում եմ, «փայլուն աշխատող Կառավարությանն ու Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը  իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Եվ կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ և ոչ ռաբիզ պատգամավորի պես»:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես անդրադարձավ այս հարցին, ասաց, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային վայրերում: «Ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, ինչու ոչ, նաև այդպիսի գռեհիկ ձևակերպումները հենց Ազգային ժողովում կստանան արժանի պատասխան»,- ասաց Պապոյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...