Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք՝ հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու։ Ես պատրաստ եմ լինել ՍԴ նախագահ, այո´։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը հավակնություններ ունի՞ եւ պատրա՞ստ է ընտրվելու դեպքում հետագայում նաեւ դատարանի նախագահ լինել։

Անդրադառնալով նախկինում իր հնչեցրած այն մտքին, որ իր նախընտրությունը ՍԴ անդամ ընտրվելու նախորդ ԱԺ-ի կողմն էր, Վահե Գրիգորյանը պարզաբանեց․ «Իմ նախընտրությունը այն ԱԺ-ն էր, որտեղ որեւէ քաղաքական ուժ դոմինացիա չուներ, եւ, ըստ էության, իրենք արբիտրին պիտի որոշեին համաձայնությամբ, բայց սխալված չեմ լինի, եթե գնահատեմ քաղաքական անլրջությունը, խնդիրն այն չէր, որ չեն ընտրել քաղաքական որոշմամբ, խնդիրը հենց պրոցեսն էր, ինչպես վերաբերում էին, առանց քվորում եւ այլն»:

Ես ճանաչում եմ «Իմ քայլ»-ի պատգամավորներից շատերին, այդ մարդիկ ինձ են ճանաչում։ Նորմալ է, երբ պատասխանատու դիրքերը վստահում եք ձեր վստահած մարդկանց, ոչ մի տարօրինակ բան չկա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է՝ իր ընտրությամբ իշխանությունը հեռահար նպատակներ է հետապնդում․

«Բոլոր ձեւականությունները մի կողմ՝ նրանք, ովքեր ինձ ճանաչում են, քաղաքական մեծամասնությունից, ես իրենց հետ, կներեք շատ կենցաղայնացնելու համար, խաշ-խորովածի սեղանների վրա չեմ ծանոթացել։ Երբ ծանոթացել եմ, իրենք որեւէ պետական դիրք չեն ունեցել, ես էդ մարդկանց հետ բանտերում են ծանոթացել, ես եմ եղել բանտում՝ իրենք են զբաղվել, իրենք են եղել՝ ես եմ զբաղվել, եւ այդ ժամանակ մենք նույնիսկ պատկերացում չունեինք նման իրավիճակի մասին։ Նորմալ է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն, ես դրա համար ոչ մեկին չեմ կարող ձաղկել, անտրամաբանական կլինի, եթե անծանոթ մեկը գա, ասի՝ ինձ ընտրեք»,-ասաց Վահե Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է նախկինում իր հնչեցրած հայտարարությանը, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ ընտրված նախագահ չէ, Գրիգորյանն ասաց, որ ինքը քննադատել է չորրորդ նախագահի ընտրության գործընթացը, եւ այն, ինչ ասել է, շարունակում է պնդել, որովհետեւ, ըստ իրեն՝ նախագահը պետք է ընտրվեր քաղաքացիների կողմից, ոչ թե խորհրդարանի․

«Նախագահ է, թե՝ ոչ, որոշվում է ոչ թե Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ տվել է եւ շարունակում եմ պնդել, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով։ Եթե նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի։ Ես համարում եմ, որ չորրորդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, բայց բոլոր սահմանադրական մարմինները եկել են կոնսենսուսի, որ ընտրվել է նախագահ»։

Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում ես երդում չեմ տալիս, որ լինեմ որեւէ խմբավորման ներկայացուցիչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը․

«Դուք հիշում եք՝ անցած տարի ՍԴ դատավորի թեկնածուներից մեկի ընտրության քննարկման ժամանակ ողջ կոնտեքստը վերաբերում էր այն հարցին, որ մենք ձեզ գործուղում ենք, ամենօրյա կապի մեջ կլինեն։ Սա բացառվում է իմ դեպքում։ Եւ ես նախապես իմ բոլոր նախկին եւ գործող վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ չեմ գնում հին ավանդույթները շարունակելու համար»։

Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության մեջ հնչում է Վահե Գրիգորյանի անունը, եւ իբրեւ թե նա Մարտի մեկի գործով ինչ-որ բան պետք է գրի, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ որեւէ բան գրելու մասին խոսք չի եղել, ուղղակի մամուլն այնքան է պտտել այդ թեման, որ սխալ ընկալումներ են առաջացել․

«Ինչ-որ բան գրելու մասին խոսք չի եղել, իրականում ես բան չէի գրելու, դա լայնածավալ գրականություն է, դրանք մեր առարկություններն էին՝ ՄԻԵԴ-ում ներկայացված։ Ես կարծում եմ, որ մեր իրավական մշակույթի մեջ ընդունված չի եղել, որ փաստաբանը, լինելով անհատ, ինդիվիդուալ փաստաբան, կարող  է իր պահանջները թելադրել թե՛ ՀՔԾ-ին, թե՛ դատախազությանը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ արտահայտվելիս»,- ասաց Վահե Գրիգորյանը։

Անդրադառնալով պնդումներին, թե ինքը կոնկրետ քաղաքական հայացքներ ունի, իսկ Սահմանադրական դատարանն ապաքաղաքական կառույց է, Վահե Գրիգորյանն արձագանքեց․

«Հայաստանում չկա մարդ, որ չունենա քաղաքական հայացքներ։ Քաղաքական հայացք չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ՝ դատավորի համար։ Այլ հարց է՝ որքանով են այդ հայացքներն ազդում արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես դա բարձրաձայնել եմ։ ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ՍԴ-ն ապաքաղական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է»։

Գրիգորյանն ասաց, որ պետք է հստակ արձանագրել՝ անցած տասնամյակների ընթացքում դատավորների կերպարը, նրանց հանդեպ հանրային ընկալումն էնպիսին է, որ դատավորներին հնարավոր է զանգել, եւ, ըստ փաստաբանի պնդման՝ դա պրակտիկա է եղել․

«Դատավոր ընտրվելու դեպքում ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը, որ պահին ես ճնշման տակ լինեմ, ես չեմ լինի դատավոր։ Այսինքն՝ դատավորներն արդարանալու բան չունեն։ Ծիծաղելի է նույնիսկ, երբ ասում են՝ դատավորների կամ դատարանների վրա ճնշում է գործադրվում, որովհետեւ եթե գործադիրի ղեկավարի մի կոչով ճնշում կարելի է գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է այդ դատական իշխանությունը»,- ասաց Գրիգորյանը եւ ընդգծեց, որ կեղծ են այն խոսակցությունները, թե դատարանները շրջափակելու գաղափարը իրենն է եղել․

«Գաղափարը ես չեմ տվել, ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա իմ ոճը չէ»։

Վահե Գրիգորյանը հույս հայտնեց, որ կընտրվի դատավորի պաշտոնում․ դրական տպավորություններ ունի ե՛ւ «Իմ քայլը» ե՛ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ հանդիպումներից։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...