Ինչու Խաչատուրովին թույլ չեն տվել հատել Հայաստանի սահմանը. ոստիկանության պարզաբանումը

- in Իրավունք
Khachaturov

Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն:

ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա:

Ելքի թույլտվությունը պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ արտահայտված լինելու մոտեցումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի տրամաբանությունից, որում օրենսդիրը, քանիցս օգտագործելով «թույլատրել» եզրույթը, դրա արտահայտման ձև է համարում դատարանի որոշումը: Օրինակ, նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Իսկ անշարժ գույքը որպես գրավի առարկա թույլատրելը կարող է արտահայտվել բացառապես դատարանի՝ խափանման միջոց գրավը թույլատրելի ճանաչելու մասին որոշմամբ:

Բացի այդ, մեղադրյալին այլ տեղանք մեկնելը թույլատրելը կամ չթույլատրելը պատշաճ դատավարական փաստաթղթով ձևակերպելու պահանջը բխում է նաև դրա հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Մեղադրյալի մեկնելը թույլատրելու օրինականությունն ու հենց նրա իրավունքների պաշտպանությունն են ենթադրում, որ մեկնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի դիրքորոշումը պետք է լինի պատճառաբանված և արտահատվի պատշաճ այնպիսի փաստաթղթով, որը կարող է տալ այն վիճարկելու հնարավորություն, ինչը ևս բացակայում է տվյալ դեպքում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...