Ինչ կատարվեց Վաշինգտոնում, ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը

- in Հրապարակ

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ կրկին բացակայում է Վիեննայի օրակարգի, այն է՝ սահմանին միջազգային հետաքննության մեխանիզմների տեղադրման պայմանավորվածության հիշատակումը:

Այս հանդիպման պարագային խնդիրն այն է, որ հայկական կողմը, արձագանքելով հանդիպման նախօրեին շփման գծում Ադրբեջանի սադրանքներին, հայտարարել էր, որ դա լիովին փոխում է Վաշինգտոնի հանդիպման օրակարգի գերակայությունը: Դա հիմք էր տվել եզրակացնել, որ հայկական կողմը կարող է պնդել Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը:

Ադրբեջանը դեմ է դրան մի պարզ պատճառով, քանի որ այդպիսով փաստացի ճանաչվում է Արցախի սահմանը: Բաքուն Մոսկվայի հետ միասին 2016-ի մայիսից ի վեր իր ջանքերն ուղղել է Վիեննայի պայմանավորվածությունների տապալմանը, եւ դա ինչ որ չափով նրան հաջողվել էր: Սերժ Սարգսյանի օրոք այդ պայմանավորվածություններն արագորեն մոռացության տրվեցին, ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանի ներքաղաքական ծրագրերին չխանգարելու դիմաց: Իսկ սահմանում սպանությունները շարունակվում էին:

Նոր իշխանության օրոք, դատելով իրադարձությունների զարգացումից, հայկական կողմը դրեց սահմանին չկրակելու պայմանը Վիեննայի օրակարգը չպնդելու դիմաց: Այն հարաբերականորեն աշխատեց մինչեւ այս տարվա հունիս, երբ Ադրբեջանը սպանեց հայ զինծառայողին:

Դրանից հետո Երեւանը «վերակենդանացրեց» Վիեննայի օրակարգը, փաստացի հայտարարելով, որ Ադրբեջանը դուրս է գալիս չկրակելու պայմանավորվածությունից: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն էլ Վաշինգտոնի նախօրեին հայտարարեց հանդիպմանը այլ օրակարգային գերակայությունից խոսելու մտադրության մասին: Ենթադրվում էր, որ դա հենց Վիեննայի օրակարգն է:

Համանախագահների հայտարարության մեջ նման հիշատակում չկա: Զոհրաբ Մնացականյանը բարձրացրե՞լ է այդ հարցը, եղե՞լ է քննարկում, թե ոչ: Եթե նրա նշած այլ գերակայությունը Վիեննան չէ, ապա ո՞րն է եղել: Արդյոք եղել է խոսակցություն, բայց կրկին որոշվել է պահել Ալիեւի դեմքը, ինչը արդեն երկար տարիներ դարձել էր հայկական դիվանագիտության «գերակայությունը»: Թե՞ Ալիեւը կրկին խոստացել է չկրակել, Վիեննան չպնդելու դիմաց: Ի դեպ, համանախագահների հայտարարությունից հենց նման տպավորություն է ստացվում:

Զոհրաբ Մնացականյանը թերեւս պետք է պատասխանի այս հարցերին, որովհետեւ սեղանին ոչ միայն «կարգավորման» խնդիրներն են, այլեւ մեր զինվորների անվտանգությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...