Իշխանության ներսում խնդիր է դրված՝ ԱԺ ներկայանան առաջին դեմքերը

- in Մամուլ
AJ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին:

Ի դեպ, մեր տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից:

Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաև այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments