Իտալացի գործարարները ճիշտ ժամանակին են հայտնվել Հայաստանում

- in Տնտեսական

Հայաստանում այսօր անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ասաց, որ ճիշտ ժամանակին են իտալացի գործարարները հայտնվել Հայաստասնում:

«Սա այն փուլն է, երբ ՀՀ կառավարությունն ամբողջ թափով իսկապես մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները՝ ձեր ու ձեր ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մեկ տարի առաջ Հայաստանում աննախադեպ իրադարձություն է տեղի  ունեցել՝ ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխություն, երբ Հայաստանում ժողովորդավարությունը հաղթել է առանց որևէ բռնության: Այդ գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի ՀՀ ներքաղաքական խնդիրների լուծմանը:

«Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք Հայաստանում քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով վերացնել մենաշնորհները: Ինչո՞ւ եմ ասում՝ քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև որոշակի կուտակած ցանցեր, փորձ ու կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք արդեն չունեն այն արտոնությունները, որոնք ունեցել են նախկինում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ ընկերությունները նաև չեն դադարեցրել իրենց գործունեությունը ՀՀ-ում: Սա շատ կարևոր է՝ ընդգծելու համար, թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց տալիս տնտեսական դաշտին և տնտեսական գործունեությանը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ նախորդ մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք ևս մեկ բացառիկ իրադարձություն՝ չնայած Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, բայց չի գրանցվել սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք: Այսինքն, նրա խոսքով, ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է:

«Շատ կարևոր եմ համարում նաև այն, որ չնայած այսպիսի հսկայական քաղաքական փոփոխություններին, Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան, ֆինանսական շուկան մնաց կայուն, և ըստ էության Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո գտնվում է տնտեսական աճի փուլում: Այս տարվա առաջին եռամսյակում մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Եվ թույլ տվեք ասել, որ սա աննախադեպ իրավիճակ է ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից, քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխություններից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում, ռեցեսիոն փուլի մեջ չի հայտնվում: Սա նշանակում է, որ իսկապես ՀՀ-ում տնտեսական գործոնեություն ծավալելու բավական յուրօրինակ ու հետաքրքիր պայմաններ կան: Եվ մեր մարտավարությունը հետևյալն է՝ քաղաքական հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, այնպես, որ ՀՀ-ում տնտեսությունը թռիչքային զարգացում ունենա: Եվ մենք գերակայություն ենք հայտարարել երեք ճյուղ՝ տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը»,- հավելեց Փաշինյանը:

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ՀՀ կառավարության տեսլականը հետևյալն է՝ կառավարությունն ասում է, որ պատրաստվում է Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար: «Եվ մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր տաղանդը իրացնելու, զարգացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենա: Եվ այսօր ՀՀ կառավարության համար հենց դա է գերակայությունը, մենք վստահ քայլելով գնում ենք այդ ճանապարհով: Եվ այսօր կանգնած ենք մեկ այլ կարևոր հանգրվանի առաջ, որը պետք է ամբողջացնի տնտեսական բարեփոխումների մեր ճանապարհային քարտեզը: Դա դատաիրավական համակարգի բարեփոխումներն են, երբ յուրաքանչյուր ներդրող կունենա երաշխիք, որ իր ներդրումներին ոչինչ չի սպառնում, իր սեփականությանն ու անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- նշեց նա:

Վարչապետն ասաց, որ Իտալիայի հետ տնտեսական կապերն ամրապնդվում են, դրանք նաև ունեն մարդկային ու մշակութային բաղադրիչ: «Ես ձեզ կարող եմ ասել, որ ՀՀ-ն լինելով հետխորհրդային երկիր, շատ երկար տարիներ երկրում սովետական ընկալման տնտեսական գործունեությունն է դոմինանտ եղել: Բայց ես ուզում եմ ասել նաև, որ վերջին 10-15 տարվա ընթացքում երկրում ձևավորվել է ժամանակակից ինովացիոն գործարարների մի շերտ, այդ մարդիկ, իմ կարծիքով, ՀՀ-ն պատրաստել են տնտեսական թռիչքի: Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցել այդ թռիչքին, հարստանալ և հաստացնել Հայաստանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love