«Լոմկա» է եղել. Ինչ է պատմել «Վարկս Էյ Էմ»-ի Կոմիտասի մասնաճյուղի վրա հարձակված ու 1 մլն դրամ թալանած երիտասարդը

- in Իրավունք
Dram

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Սամուէլ Ֆ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Սամուէլ Ֆ.-ն «Վարկս Էյ Էմ» ունիվեսալ վարկային կազմակերպության Կոմիտասի պողոտայում գործող մասնաճյուղից ավազակային հարձակմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ վաղօրոք խանութից գնել է խոհանոցային դանակ, դրել է իր հագին եղած բաճկոնի ծոցագրպանը, հանել է հագին եղած սպիտակ անթև մայկան, դրանով ծածկել է դեմքը և 2019 թվականի հունվարի 21-ին մտել է հիշյալ մասնաճյուղ:

Նա հաճախորդների սպասարկման ստենդի վրայով ցատկելով՝ անցել է աշխատողների համար նախատեսված հատված, ցատկելու ընթացքում ձեռքով հարվածել է մասնաճյուղի աշխատակցուհի Լուիզա Բ.-ի ուսին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև հանել է ծոցագրպանի դանակը, պահել է Լուիզա Բ.-ի պարանոցին, իրական վտանգ է ստեղծել նրա կյանքի ու առողջության համար և գումար է պահանջել: Լուիզա Բ.-ն նրան է հանձնել 1 միլիոն դրամին համարժեք գումար, Սամուէլ Ֆ.-ն գումարը վերցնելով՝ դիմել է փախուստի:

Սամուէլ Ֆ.-ին մեղադրանք է առաջադրվել որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Սամուէլ Ֆ.-ն հայտնաբերվել է հարձակումից հետո՝ հունվարի 22-ին՝ «տաք հետքերով», նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել, առգրավվել և իրեղեն ապացույց ճանաչվելով՝ քրեական գործին են կցվել դանակը, հագուստը և 303 հազար դրամ գումարը:

Դատական այս նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կ. Մկրտչյանը դատարանին ներկայացրեց մի քանի տեղեկանք:

2019 թվականի հունվարի 22-ին, երբ քննիչի աշխատասենյակում Սամուէլ Ֆ.-ն հարցաքննվում էր որպես կասկածյալ, նրա ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել, նրան ցուցաբերվել է բուժօգնություն, հարցաքննությունն ընդհատվել է: Հաջորդ օրը Սամուէլը վատացել է ՁՊՎ-ում, նորից շտապօգնություն է հրավիրվել: Այն, ինչ ախտորոշել են շտապօգնության բրիգադները, «ժողովրդախոսակցական լեզվով» պաշտպանն անվանեց «լոմկա»՝ Սամուէլը բողոքել է հոդերի ու ամբողջ մարմնի ցավերից, դեղ է պահանջել:

Պաշտպանը ներկայացրեց նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տրված տեղեկանքը, որ արգելանքի տակ գտնվող Սամուէլ Ֆ.-ն նյարդահոգեբույժի հսկողության տակ է:
Պաշտպան Կ. Մկրտչյանը ներկայացրեց նաև զինկոմիսարիատից տեղեկանք, համաձայն որի՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ առողջական խնդիրներ են հայտնաբերվել Սամուէլ Ֆ.-ի մոտ, դրանք շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ էին:

Տեղեկանքները ներկայացնելուց հետո պաշտպան Կ. Մկրտչյանը ներկայացրեց միջնորդություն Սամուէլ Ֆ.-ի նկատմամբ համալիր ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական ու նարկոլոգիական փորձաքննություն նշանակելու մասին:

Գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը նման փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը չի տեսել: Պաշտպանական կողմը հիշյալ համալիր փորձաքննությունը նշանակելու միջնորդություն է ներկայացրել նախաքննության ավարտական փուլում, միջնորդությունը մերժվել է:

Պաշտպանը, հիմնավորելով միջնորդությունը, նշեց, որ Սամուէլ Ֆ.-ն ձերբակալվելուց հետո հայտարարել է, թե զղջում է կատարածի համար, դեպքի պահին եղել է «ոչ ադեկվատ վիճակում»:

Պաշտպանը նշեց, որ որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ քննիչի առանձնասենյակում, հաջորդ օրը՝ ՁՊՎ-ում Սամուէլի ինքնազգացողությունը այնքան է վատացել, որ շտապօգնություն է հրավիրվել: Ըստ պաշտպանի՝ Սամուէլ Ֆ.-ն հանցանքը կատարելու պահին եղել է թմրանյութերից կախվածության վիճակում՝ «լոմկայի մեջ», բժիշկներին ասել է, թե ցավում են բոլոր ոսկորները, դեղ է պահանջել ու բուժում, բայց բժիշկները նշել են, որ արգելանքի տակ գտնվողին թմրամիջոցներից կախվածության դեմ բուժում կարող է նշանակվել միայն համապատասխան եզրակացության ու դատական ակտի առկայության դեպքում:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական գանգատներին նախաքննության ընթացքում ուշադրություն չի դարձվել, պաշտպանական կողմը նախաքննության ավարտին բարձրացրել է հարցեր, որոնց պատասխանը կարող է տրվել միայն համալիր փորձաքննությամբ:

Ըստ պաշտպանի՝ դեպքից 5 ամիս անց են Սամուէլ Ֆ.-ից վերցվել մեզի ու մազի նմուշներ՝ թմրամիջոցների առկայությունը նրա օրգանիզմում ստուգելու նպատակով: Պաշտպանը նիստի ընթացքում պատասխանելով դատարանի հարցին՝ ճշգրտեց, որ Սամուէլ Ֆ.-ից մեզի ու մազի նմուշներ վերցվել են 2019 թվականի ապրիլի սկզբին՝ դեպքից ամենաշատը 2,5 ամիս անց…

Պաշտպանն ընդգծեց, որ հանցանքի կատարման պահին Սամուէլ Ֆ.-ի հուզական վիճակը, հոգեկան առողջությունը և կախվածությունը թմրամիջոցներից անհրաժեշտ է պարզել, ինչի համար պետք է նշանակվի համալիր ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական ու նարկոլոգիական փորձաքննությունը:

Մեղադրող դատախազ Ա. Ստեփանյանն առարկեց այս միջնորդության դեմ ամբողջությամբ, բայց հատկապես մեղադրողը անհիմն համարեց պաշտպանական կողմի՝ միջնորդության մեջ ներառված, դատական հոգեբանին ուղղված հարցը՝ հարձակման պահին Սամուէլ Ֆ.-ն գտնվե՞լ է «հոգեկան խիստ հուզմունքի» վիճակում: Հարցը, իհարկե, կարող էր վերաբերել՝ եղե՞լ է դեպքի պահին Սամուէլ Ֆ.-ն ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Մեղադրողը նշեց, որ պաշտպանի ներկայացրած ոչ մի փաստաթուղթ հիմք չի տալիս Սամուէլ Ֆ.-ի նկատմամբ հիշյալ համալիր փորձաքննությունը, հատկապես՝ նրա հոգեբանական մասը անցկացնելու համար:

Տուժող Լուիզա Բ.-ն միացավ մեղադրողի դիրքորոշմանը:

Պաշտպանը մեկ անգամ ևս պնդեց, որ Սամուէլ Ֆ.-ն դեպքի պահին եղել է հետթմրանյութային կախվածության մեջ, նա չի կարողացել ղեկավարել իր գործողությունները, չի կարողացել հիշել դրանք: Քննիչը նրան ցուցադրել է հարձակման տեսաձայնագրությունը՝ տեսահսկող սարքերի կողմից կատարված, ինչից հետո կասկածյալը ձևակերպել է իր ցուցմունքը: Ըստ պաշտպանական կողմի՝ քննիչը, իմանալով Սամուէլ Ֆ.-ի մոտ առկա խնդիրը, դա չի արձանագրել: Պարզվեց՝ նախաքննության ամբողջ ընթացքում պաշտպանական կողմն էլ այդ մասին չի բարձրաձայնել, դրա մասին պաշտպանական կողմը սկսել է խոսել նախաքննության ավարտական փուլում:

Մեղադրող դատախազ Ա. Ստեփանյանն իր հերթին դատարան ներկայացրեց քննիչի կայացրած որոշման պատճենը՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ: Մեղադրողը նշեց, թե գործի քննության ընթացքում դիմում է եղել Սամուէլ Ֆ.-ի վերաբերյալ, նյութեր են նախապատրաստվել ու ստուգվել են թմրամիջոցների օգտագործման կամ ձեռքբերման կասկածները: Սամուէլ Ֆ.-ից վերցվել են մեզի ու 2 սմ մազի նմուշներ: Դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ՝ թմրամիջոցների հետքեր Սամուէլ Ֆ.-ի օրգանիզմում չեն հայտնաբերվել, այդ պատճառով էլ թմրամիջոցների օգտագործման կամ ձեռքբերման հետ կապված քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Մեղադրողը ևս մեկ անգամ պնդեց իր դիրքորոշումը՝ ամբաստանյալի նկատմամբ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ու նարկոլոգիական փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:

Պաշտպանական կողմն էլ պնդեց, թե իրենց բարձրացրած հարցերին կարող են պատասխանել միայն հիշյալ համալիր փորձաքննությամբ, ոչ թե՝ դատաքիմիական փորձաքննությամբ: Ինքը՝ Սամուէլ Ֆ.-ն ձերբակալվելուց հետո ասել է, որ դեպքի պահին եղել է «ոչ ադեկվատ» վիճակում:

Վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, պետք է քայլեր ձեռնարկեր՝ պարզելու համար, թե այդ «ոչ ադեկվատը» ո՞րն է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հունիսի 10-ին: