Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. «Դոնա Լեոնորը», «Քիթը»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ.

Դոնա Լեոնորը

Դա սկսվեց ճաշի սեղանի շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.

– Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:

Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան տարօրինակ տոնով ու ոչ ոքի չտեսավ: Տղան ու աղջիկը հայացքներ փոխանակեցին:

– Ի՞նչ պատահեց, Լեոնոր,- հարցրեց ամուսինը:

– Քեզ վա՞տ ես զգում, մայրիկ:

Բայց դոնա Լեոնորը չպատասխանեց. երևում էր՝ ընկած է մտքերի մեջ: Ավելի ուշ հայրը մտավ խոհանոց ու դոնա Լեոնորին գտավ, մի շիշ ձեթ դեմքի առջև պահած ու դեպի պատը նայելով, խոսելիս.

– Առողջությունն առաջին հերթին. ժամանակակից խոհանոցում` Paladar ձեթ:

– Լեոնո՛ր…

Դոնա Լեոնորը, առանց հայացքը կտրելու պատի նույն կետից և առանց ժպիտը դադարեցնելու, գլխի շարժումով ամուսնուն ցույց տվեց դիմացն ու ասաց.

– Նրանց դուրը կգա:

Ամուսինը հարմար գտավ բան չասել: Երբեք դոնա Լեոնորին այդ վիճակում չէր տեսել: Թերևս ավելի լավ կլիներ բժիշկ կանչել:

Սառնարանը բացեց` գարեջուր վերցնելու: Դոնա Լեոնորը հարմար դիրք ընդունեց սառնարանի մոտ ու դուռն ավելի լայն բացեց: Թվում էր, թե նա մի անտեսանելի աներևույթ ունկնդրի է ուղղում խոսքը:

– Իմ ընտանիքն անդադար այստեղ է գալիս: Սա մեր տան հանդիպման կետն է: Եվ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են նոր Supergel Espacial-ում, օժտված` super-տարողությամբ հարկերով ու ապակե-glass դարակներով: Supergel Espacial` ամենատարողունակը:

Հայրն ու զավակները հավաքվեցին գաղտնի խորհրդակցության:

Ի՞նչ էր կատարվում դոնա Լեոնորի հետ:

Որոշեցին ոչինչ չանել` ընդամենը նյարդայնացած է: Բայց նյարդայնացածի նման էլ չէր: Ընդհակառակը` երբեք այդքան ժպտերես չէր եղել և առանց մի կողմ շրջվելով՝ որևէ ուրախ ու քաղցր բան ասելու համար, նա չէր անցնում երեխաների ու ամուսնու կողքով.

– Նրանք իրենց շատ ավելի երջանիկ են զգում, ինչ սկսել եմ միջատների դեմ Limpol օգտագործել:

Կամ.

– Նա հիմա օգտագործում է Silvester օծանելիքը: Եվ այժմ մեր տանը բոլորը թեթևացած են շնչում:

Տղան ատամներն էր մաքրում ու վախեցավ, երբ դոնա Լեոնորը հանկարծ մտավ լոգարան, վերցրեց ատամի մածուկը և սկսեց խոսել հայելուն նայելով:

– Ժորժինյուն սարսափում էր ատամներ մաքրելուց: Ես չգիտեի՝ ինչ անել, մինչև բժիշկն ինձ չասաց կախարդական անունը` Zaz:

Եվ կախարդանքը գործեց: Այնպես չէ՞, Ժորժինյու:

– Մամա, ես…

– Դուք էլ ասեք կախարդական անունը՝ Zaz! H30 – ով:

Անկողնում պառկած` ամուսինը որոշակի անհանգստություն էր զգում, մինչդեռ դոնա Լեոնորը, հայելու դիմաց նստած, դեմքին քսուք էր քսում ու զրուցում իր երևակայական ունկնդրի հետ.
– Forever-ը պարզապես մի խոնավացնող քսուք չէ: Forever-ը վերադարձնում է ձեր մաշկին այն թարմությունը, որ տարել է ժամանակը և որն ընդմիշտ կորած է թվում: Վերադարձրեք կորած ժամանակը Forever-ի հետ:

Դոնա Լեոնորը շարժվեց դեպի անկողինը` հագի խալաթը գետնին թողնելով: Սողաց սավանների միջով ու համբուրեց ամուսնուն՝ շրթունքներից: Հետո, հենվելով մի թևի վրա` դիմեց անտեսանելի տեսախցիկին.

– Ամուսինս չգիտի, բայց սավանները Santex-ի Pasional նոր հավաքածուից են: Լավ սավաններ՝ վատ միտումների համար… Santex-ի Pasional: Հիմա ամեն ինչ կարող է պատահել…

Դոնա Լեոնորը գրկեց ամուսնուն: Ամուսինը կնոջ քնքշանքներին վախով ու զարմանով պատասխանեց: Հաջորդ օրն անպատճառ նրան կտանի բժշկի: Բայց, մինչ այդ, որոշեց օգտվել պատեհությունից. այնքան երկար ժամանակ էր… Ինքը նույնպես գրկեց կնոջը` նախօրոք անհանգիստ նայելով ենթադրյալ տեսախցիկին և գուշորեն անջատելով լույսը:

Քիթը

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:

– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:

– Սա՞, ի՞նչը:

– Այդ քիթը:

– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:

– Հայրի՜կ…

Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:

– Հենց հիմա դա հանի:

– Ինչո՞ւ:

– Կատակն էլ իր ժամանակն ունի:

– Բայց սա կատակ չէ:

Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.

– Ո՞ւր ես գնում:

– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:

– Բայց այդ քթո՞վ:

– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…

– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:

– Գժվե՞լ է:

– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:

Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:

– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:

– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:

– Բայց ինչո՞ւ:

– Իսկ ինչո՞ւ ոչ:

Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:

– Հայրի՛կ…

– Այո, աղջիկս:

– Կարո՞ղ ենք զրուցել:

– Իհարկե կարող ենք:

– Այդ քո քթի մասին…

– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:

– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞:

– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:

– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:

– Չունի, որովհետև չի ուզում:

– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:

– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը:

Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:

– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:

– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:

– Բայց, բայց…

– Աղջիկս…

– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց:

Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:

– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…

– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:

– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…

Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը