Ծեծկռտուք և դանակահարություն Նորքում. Մի տղամարդու փայծաղն է պատռվել, մեկի գլուխն է ջարդվել, մյուսի աղեգալարներն են դուրս թափվել

- in Իրավունք
Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Խանամիր Ղ.-ի ու Սերգեյ Ն.-ի գործի դատական քննությունը:

25 և 24-ամյա այս երիտասարդներին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և խմբի կազմում որպես զենք գործածված առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ կետերով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Երկու ամբաստանյալի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ Խանամիրն ու Սերգեյը գործել են խմբի կազմում, որի անդամներից «առնվազն մի քանիսը» նրանց հետ մեկ միասնական դիտավորությամբ հարվածներ են հասցրել տուժողին, վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս, բայց այդ «մի քանիսը» գործի քննությամբ դեռ բացահայտված չեն, գործից մաս է անջատված, որով քննությունը շարունակվում է:

Ըստ մեղադրանքի՝ Խանամիր Ղ.-ն նախկինում Նարեկ Գ.-ի հետ ունեցած տարաձայնությունները պարզաբանելու նպատակով իր ընկեր Սերգեյ Ն.-ի հետ, նրա հոր «Մերսեդես» մեքենայով, նաև մի խումբ այլ ընկերների հետ, որոնց ինքնությունը բացահայտված չէ, քննությամբ չհայտնաբերված ևս մեկ մեքենայով 2018 թվականի մայիսի 13-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցի շենքերից մեկի բակ:

Այնտեղ, ըստ մեղադրանքի, Խանամիր Ղ.-ն, Սերգեյ Ն.-ն ու նրանց հետ դեպքի վայր գնացած մի խումբ չբացահայտված անձանցից «առնվազն մի քանիսը» մեկ միասնական դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ մահակի նման փայտե առարկաների, ոտքերի ու ձեռքերի հարվածներով խուլիգանական դրդումներով դիտավորությամբ տուժող Դավիթ Գ.-ի առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Բացի այդ, Խանամիր Ղ.-ն ու Սերգեյ Ն.-ն կատարել են խուլիգանություն՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել տվյալ տարածքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ, խանգարել են նրանց անդորրը՝ որպես զենք գործադրել են փայտե մահակների նման առարկաներ:

Գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Երկու ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Է. Ալեքսանյանը առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեղադրանքը պետք է ունենա որոշակիություն: Իր պաշտպանյալներին առաջադրվել է խմբի կազմում հանցավոր արարքներ կատարելու մեղադրանք, միաժամանակ նշվել է, թե խմբից «առնվազն մի քանիսը» գործել են երկու ամբաստանյալների հետ մեկ միասնական դիտավորությամբ, կատարել են նույն հանցավոր արարքները, բայց չի կոնկրետացվել՝ ում մասին է խոսքը:

«Ովքե՞ր են այդ «մի քանիսը»՝ մեղադրողին հարցրեց պաշտպանը և ընդգծեց, որ խմբի կազմում կատարված հանցավոր արարքներ մեղսագրելով իր պաշտպանյալներին՝ մեղադրանքի կողմը բարդացրել է նրանց վիճակը՝ առանց որոշակիացնելու խմբի կազմում գործած անձանց, առանց բացահայտելու նրանց ինքնությունը:

Պաշտպանը միջնորդեց գործը վերադարձնել մեղադրողին, որպեսզի որոշակիացվի առաջադրված մեղադրանքը:

Մեղադրող դատախազը համաձայն չէր պաշտպանական կողմի հետ: Դատախազի կարծիքով՝ «ամեն ինչ որոշակիության սահմանում է», բացահայտված է, որ երկու ամբաստանյալների հետ միասին, մեկ միասնական դիտավորությամբ ու միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ խմբի կազմում տուժողին հարվածներ են հասցրել ևս մի քանի անձինք: Նրանց մասը գործից անջատված է, դեռ քննվում է. «Երբ չբացահայտված մասով անձանց ինքնությունը կպարզվի, հայտնի կդառնա, թե ովքեր են եղել…»:

Դատախազը պնդեց, որ գործն իրեն վերադարձնելու հիմքեր չկան:

Պաշտպանը դատախազին կոչ արեց իր պաշտպանյալների առնչությամբ ձեռնպահ մնալ «կատարել են» ստորոգյալի օգտագործումից, քանի որ կարող է խոսք գնալ միայն ենթադրյալ արարքների մասին:

Մեղադրողը այս դիտարկմանը համաձայն էր, նշեց, թե տվյալ փուլում բոլորն էլ գիտեն, որ խոսքը ենթադրյալ արարքների մասին է, բայց անընդհատ այդ «ենթադրյալ» բառը շեշտելու անհրաժեշտությունը չի տեսնում:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ:

Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը՝ հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, հարցաքննել տուժողին, վկաներին, վերջում՝ ամբաստանյալներին:

Սկզբում դատարանը հետազոտեց գործով առգրավված և իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդես» մեքենայի խուզարկության արձանագրությունը: Սերգեյ Ն.-ի հայրիկին պատկանող, նրա կողմից որպես տաքսի շահագործված այս մեքենայով էին Խանամիրն ու Սերգեյը, առանց հայրիկի, գնացել դեպքի վայր:

Ըստ խուզարկության արձանագրության՝ «Մերսեդեսը» դեպքի վայրում վնասվել էր, հնարավոր է՝ փայտե մահակների հարվածներից՝ կոտրվել էին մեքենայի առջևի լուսարձակները, վնասվել էին դիմապակին, ամբողջ դիմացի հատվածը: Խուզարկությամբ մեքենայից առգրավվել էին ջարդված ապակու կտորտանք, արնանման հետքեր, որոնք հանձնվել էին փորձաքննությունների:

«Մերսեդես» մեքենան ճանաչվել էր իրեղեն ապացույց, այն ի պահ է հանձնված վարկային կազմակերպությանը, քանի որ գրավադրված էր տվյալ կազմակերպությունում:

Պաշտպանը միջնորդեց մեքենան համարել զննված ու այն վերադարձնել օրինական տիրոջը, քանի որ Սերգեյ Ն.-ի հայրիկի համար մեքենան ապրուստ վաստակելու միջոց է:

Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չառարկեցին այս միջնորդության դեմ:

Դատարանը, լսելով կողմերին, բավարարեց պաշտպանի միջնորդությունը, իրեղեն ապացույց մեքենան համարվեց զննված և վերադարձվեց օրինական տիրապետողին:

Դատարանը շարունակեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Հրապարակվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանի զննության արձանագրությունները, համաձայն որոնց՝ այդ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Խանամիր Ղ.-ն ու Սերգեյ Ն.-ն՝ պոլիտարվմայով, կտրած-ծակած վերքերով: Նրանք հրաժարվել էին հաղորդում տալ, թե ինչ պայմաններում են ստացել վնասվածքները: Ե՛վ Խանամիրը, և՛ Սերգեյը ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ:

Հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ դեպքի վայրից առգրավվել էին փայտե մահակի նմանվող 8 առարկաներ:

Տուժող Դավիթ Գ.-ի մասնակցությամբ նույնպես կատարվել էր դեպքի վայրի զննություն, տուժողը հայտնել էր, թե այդ վայրում իրեն ծեծի են ենթարկել Խանամիր Ղ.-ն, Սերգեյ Ն.-ն ու նրանց հետ եկած մի քանի անձինք՝ իրեն գցել են գետնին, հարվածներ են հասցրել ոտքերով ու մահակներով:

Ինքնապաշտպանության նպատակով ինքը գետնից վերցրել է ինչ-որ մեկի կողմից կռվի ընթացքում գցած դանակը և հարվածներ է հասցրել Սերգեյ Ն.-ի գոտկային ու Խանամիր Ղ.-ի որովայնի շրջաններին:

Դեպքից հետո ծանր վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև տուժող Դավիթ Գ.-ն, որի մոտ արձանագրվել են կրծքավանդակի ու գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ներքին սուր արյունահոսություն, փայծաղի պատռվածք, մարմնի տարբեր հատվածներում՝արյունազեղումներ: Պատռված փայծաղը հեռացվել է, հետագայում այն առգրավվել է բժշկական կենտրոնից, նմուշառում է կատարվել՝ փորձաքննության ուղարկելու համար:

Այս գործով սկզբում մեղադրանք էր առաջադրվել նաև տուժող Դավիթ Գ.-ին՝ Խանամիր Ղ.-ին ու Սերգեյ Ն.-ին դանակի հարվածներ հասցնելու համար, սակայն գործի քննության ընթացքում Դավիթ Գ.-ի գործողությունները ճանաչվել են իրավաչափ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված, նրա քրեական հետապնդումը դադարեցվել է, նա ներկայումս միայն տուժողի կարգավիճակ ունի:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Դավիթ Գ.-ն ԽանամիրՂ.-ի ու Նարեկ Գ.-ի միջև կատարվող պարզաբանման հետ որևէ առնչություն չի ունեցել, նա վիճաբանությանը «միջամտել է հանկարծակի» և խմբակային կռիվը կանխելու նպատակով օդամղիչ ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել:

Բայց կռիվը չի կանխվել, ծավալվել է, որի ընթացքում հենց Դավիթ Գ.-ն էլ ընկել է գետնին, ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց, այդ թվում՝ երկու ամբաստանյալների կողմից, ստացել է փայծաղի պատռվածք, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հրապարակվեցին ամբաստանյալների նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

Սերգեյ Ն.-ին պատճառվել էր գլխի գագաթային շրջանի սալջարդ, գագաթոսկրի ներհրված բեկորային կոտրվածք, ուղեղի միջին աստիճանի սալջարդ ու արյունահավաք, ինչպես նաև գոտկային շրջանում կտրած-ծակած չթափանցող վնասվածք: Դանակով հասցված վնասվածքը որակվել էր որպես թեթև, իսկ գլխի վնասվածքները՝ ծանր, միով բանիվ՝ Սերգեյ Ն.-ի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:

Խանամիր Ղ.-ի մոտ արձանագրվել էր հետորովայնամզային արյունահավաք, ներքին ու արտաքին սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ, աղեգալարների արտանկում: Սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հասցվել էր թափանցող վնասվածք, նրա առողջությանը նույնպես պատճառվել էր ծանր վնաս:

Հետազոտվեցին ամբաստանյալների հեռախոսային զանգերի վերծանումները, համաձայն որոնց՝ դեպքի պահին նրանք գտնվել են Նորքի 4-րդ զանգվածում՝ Գյուլիքեխվյան փողոցի տարածքում:

Պաշտպանը հայտարարեց, որ հեռախոսազանգերի այս վերծանումները չեն կարող ապացույց հանդիսանալ, որ իր պաշտպանյալները հատկապես գտնվել են դեպքի վայրում, քանի որ իր պաշտպանյալները հենց Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներ են, գտնվել են իրենց բնակության վայրում:

Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ Խանամիր Ղ.-ն ու Սերգեյ Ն.-ն ընդհանրապես չեն եղել դեպքի վայրում, չեն կատարել այն հանցավոր արարքները, որոնք մեղսագրված են նրանց:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին: Դատարանը կշարունակի գործում առկա ապացույցների հետազոտումը: