Կառավարությունում քննարկվում է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկելու և կրճատելու հարցը

- in Տնտեսական

«Կառավարությունում քննարկվում է, թե ինչպես մենք պետք է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկենք ու կրճատենք»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Պետական եկմուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա հավելեց. «Ամենակարևորը մենք ընդհանուր մի տեսլական ունենք՝ ինչո՞ւ պետք է մենք ամբողջ ոլորտին ազատեք ԱԱՀ-ից, փոխարենը հասցեական օգնություն ցույց չտանք այն սուբյեկտներին, ովքեր իսկապես դրա պահանջն ունեն: Հետևաբար, այս քննարկումները հավերժ են կառավարությունում: Եթե մենք ուզում ենք հարկային ծախսը կրճատել, մենք ուղղակի պետք է հարկային արտոնություններից հրաժարվենք ու ավելի կոշտ հարկային քաղաքականություն իրականացնեն»,- հայտարարեց Անանյանը:

Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, թե հարկային հավաքագրումների հաշվարկը խեղաթյուրված է:

«Որևէ խաթարում չկա, 1 տրիլիոն 258.1 մլրդ դրամը, որը հավաքվել է 2018-ին, իրապես ներկայացրել է այն իրավիճակը, ինչ եղել է 2018 թվականին: Այսինքն՝ տնտեսությունը վճարել է այդքան հարկեր: Եվ հարկային վարչարարության շնորիվ նաև կատարվել են որոշակի ավելի հավաքագրումներ: Այդ թեման շրջանառվում է 7-8 ամիս, բայց մամուլի հրապարակումները ապատեղեկատվություն էին: Եթե ես մանրամասնեմ, ես կբացահայտեմ հարկային գաղտնիք պարունակող տեղեկավտվությունը»,- ասաց Անանայանը:

Տնտեսության մեջ ստվեր միշտ լինելու է, բայց այն պետք է լինի կառավարելիության շրջանակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ու թեև տնտեսագետները, իր պնդմամբ, կարող են չհամաձայնել, բայց Անանյանը համարում է, որ խելամտության սահմանը 15-17 տոկոս ստվերն է։

Տնտեսագետները, ըստ Անանյանի, ավելի ցածր ստվեր են ակնկալում, բայց ինքը կարծում է, որ մինչև 15-17 տոկոս ստվերը կառավարելի է, եթե կան գնահատման գործիքներ։ Ըստ Անանյանի, ՀՀ ՊԵԿ-ում հիմա ներդրվում է այդպիսի գնահատման էլեկտրոնային եղանակ։